Saudi Aramco-ն հայտարարել է նավթի համաշխարհային պաշարների կրիտիկական մակարդակի մասին
Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերը ահազանգում է․ նավթի համաշխարհային պաշարները, որոնք սովորաբար մեղմում են մատակարարումների խափանումների ազդեցությունը, նվազել են մինչև «տագնապալի ցածր» մակարդակ։ Նման իրավիճակը կարող է լուրջ ճգնաժամի վերածվել նավթի շուկայում, եթե Հորմուզի նեղուցը չբացվի նավերի ազատ անցման համար։
«Քանի դեռ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ չի բացվել և շուկայի մասնակիցների վստահությունը չի վերականգնվել, դաժան իրականությունն այն է, որ ճնշումը թե նավթի, թե նավթամթերքի շուկաների վրա կուժեղանա։ Թեև նավթի պակասը լուրջ խնդիր է, նավթամթերքի գներն աճել են ավելի զգալիորեն», – այսօր Լոնդոնում անցկացված Energy Intelligence ֆորումում հայտարարել է Նասերը։
Հիշեցնենք, որ ուրբաթ G7-ի երկրները պայմանավորվել էին ռազմավարական պահուստներից շուկա դուրս բերել մինչև 100 մլն բարել նավթ և դիզելային վառելիք՝ գների աճը զսպելու համար։ Bloomberg-ը, վկայակոչելով Նասերի խոսքերը, գրում է, որ այդ միջոցը միայն ժամանակ կշահի, սակայն չի լուծի պահանջարկի և առաջարկի միջև անհավասարակշռության խնդիրը։ Նա նախազգուշացրել է, որ նույնիսկ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումից հետո պետություններից կարող է մինչև երկու տարի պահանջվել իրենց պաշարները վերականգնելու համար։
Aramco-ն, ինչպես նշել է ընկերության ղեկավարը, այս ամբողջ ընթացքում Մերձավոր Արևելքում հակամարտության պայմաններում պահպանել է նավթի մատակարարումների կայուն մակարդակը։ Դրան նպաստել են արտասահմանյան պահեստարանները և վնասված ենթակառուցվածքների արագ վերականգնումը։ Այժմ ընկերությունը փնտրում է արտահանման այլընտրանքային երթուղիներ և արտերկրում նավթի պահեստավորման լրացուցիչ հնարավորություններ՝ համաշխարհային շուկայի գնորդներին մատակարարելու մեկ եղանակից չափազանց կախված չլինելու համար։
Նասերն ընդգծել է, որ Aramco-ն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող է հասնել օրական 12 մլն բարել նավթի արդյունահանման առավելագույն կայուն մակարդակին։
«Մեր համակարգը վնասված չէ», – ասել է նա՝ հավելելով, որ ընկերությունն ունի ռազմավարական պաշարներ և անհրաժեշտության դեպքում կարող է մեկուսացնել առանձին հատվածներ ու վերաբաշխել արդյունահանումը։
