ԱԲ ոլորտի Manus ստարտափը 500 մլն դոլար է ներգրավել՝ Meta-ի հետ գործարքի ձախողումից հետո
Արհեստական բանականության ոլորտում գործող չինական ստարտափը՝ Manus-ը ներգրավել է ավելի քան 500 մլն դոլար՝ ֆինանսավորման առաջին փուլի շրջանակում, այն բանից հետո, երբ ձախողվել է ամերիկյան Meta կորպորացիայի կողմից ընկերությունը ձեռք բերելու գործարքը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Ստարտափի մայր ընկերությունը՝ Butterfly Effect-ը հայտարարել է, որ ֆինանսավորման փուլը գլխավորել են Boyu Capital և IDG Capital ներդրումային հիմնադրամները՝ գործող բաժնետերերի, այդ թվում՝ Tencent-ի, HSG-ի և ZhenFund-ի մասնակցությամբ։
Ակնկալվում է, որ ֆինանսավորման ընթացիկ փուլի արդյունքներով Manus-ի գնահատված արժեքը կարող է կրկնապատկվել՝ հասնելով 4 մլրդ դոլարի։ Այդ դեպքում ընկերությունը կդառնա Չինաստանի ամենաթանկարժեք ԱԲ գործակալներ մշակող ընկերությունը։
Eurasia Group-ի՝ Չինաստանի հարցերով տնօրեն Դեն Վանը նշել է, որ Meta-ի հետ կապված իրավիճակի կարճաժամկետ հետևանքները հաջողվել է հաղթահարել, և ներդրողները պատրաստ են աջակցել Manus-ին՝ որպես անկախ ընկերության։
Ավելի վաղ Meta-ն նախատեսում էր Manus-ը ձեռք բերել 2 մլրդ դոլարով և արդեն սկսել էր ստարտափի տեխնոլոգիաները ներառել իր համակարգերում։ Սակայն գործարքն արգելափակվել է չինական կարգավորող մարմինների կողմից, որոնք արգելել են նախագծում օտարերկրյա ներդրումները:
Գործարքի տապալումից և կողմերի բաժանումից հետո մշակող ընկերությունը վերսկսել է անկախ գործունեությունը, ներկայացրել իր սեփական Cascade համակարգի հիման վրա ստեղծված Manus 2.0 արտադրանքի նոր տարբերակը և գործարկել Cue առանձին հավելվածը։ Meta-ն իր հերթին շարունակել է սեփական լուծումների զարգացումը՝ սեպտեմբերի սկզբին թողարկելով Muse ԱԲ գործակալը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

