Apple-ը ցանկանում է արհեստական բանականության հարթակ գործարկել Չինաստանում
Apple-ը պատրաստվում է դեկտեմբերին մայրցամաքային Չինաստանում գործարկել իր Apple Intelligence արհեստական բանականության հարթակը։ Bloomberg-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ գործարկումը նախատեսվում է iOS 27.3 օպերացիոն համակարգի թարմացման թողարկման հետ միաժամանակ։
Առաջին փուլում օգտատերերին հասանելի կդառնան այն գործառույթները, որոնք ԱՄՆ-ում iPhone, iPad և Mac սարքերում ներկայացվել էին դեռ երկու տարի առաջ։ Դրանք ներառում են անհատականացված Genmoji էմոջիները, ծանուցումների ամփոփումները, տեքստերի մշակման գործիքները և լուսանկարներից առանձին օբյեկտներ հեռացնելու հնարավորությունը։
Սակայն արհեստական բանականությամբ աշխատող Siri-ի թարմացված տարբերակը և այս տարի հայտարարված մյուս հնարավորությունները դեկտեմբերյան թողարկման մեջ ներառված չեն լինի։ Չինացի օգտատերերին հասանելի չեն լինի նաև պատկերներ ստեղծելու Apple-ի սեփական գործիքները, այդ թվում՝ Image Playground հավելվածը։ Բացի այդ, առանձին հավելվածներում տեքստերի ստեղծման որոշ գործառույթներ կսահմանափակվեն՝ տեղական կանոնակարգերին համապատասխանելու համար։
Apple-ը Apple Intelligence-ը ներդնելու նախնական հավանությունը ստացել էր դեռ հուլիսին, սակայն դրանից հետո լրացուցիչ խորհրդակցություններ էր անցկացրել Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ։ Քննարկման առարկան վերջնական սպառողների համար ծառայության գործարկման թույլտվությունն էր։ Սեպտեմբերի 29-ին Apple-ն արդեն ստացել էր համապատասխան թույլտվությունները, որոնք նոր iPhone մոդելներին հնարավորություն են տալիս աջակցել Apple Intelligence-ին և Alibaba-ի արհեստական բանականության մոդելներին, այդ թվում՝ Tongyi Wanxiang-ին և Qwen-ին։
Չինաստանում գործարկման համար Apple-ը համագործակցություն է հաստատել Alibaba-ի և Baidu-ի հետ։ Alibaba-ի հետ համատեղ մշակվել են վերահսկողության մեխանիզմներ, այդ թվում՝ զտիչ, որի միջոցով իշխանությունները կկարողանան հավանություն տալ արհեստական բանականության մոդելների ապագա թարմացումներին։ Baidu-ի հետ ընկերությունն աշխատում է որոնման և Siri-ի հետ կապված գործառույթների ուղղությամբ։
Գործարկման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։ Սկզբում Apple-ը նախատեսում էր Apple Intelligence-ը Չինաստանում ներկայացնել 2025 թվականի մայիսին, այնուհետև՝ նույն տարվա վերջին, իսկ ավելի ուշ՝ 2026 թվականի գարնանը։ Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։
Հունիսին Apple-ը ներկայացրել էր iOS 27-ը և արհեստական բանականությամբ աշխատող Siri-ի թարմացված տարբերակը։ Սեպտեմբերին ընկերությունը հայտարարել էր, որ նոր արհեստական բանականության օգնականը Չինաստանում օգտատերերին հասանելի չի լինի՝ կարգավորող պահանջների պատճառով։ Միևնույն ժամանակ, դեռ հուլիսի կեսերին Չինաստանի կարգավորող մարմինը գրանցել էր Apple Intelligence-ը՝ երկրում iPhone սարքերում օգտագործելու համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

