Կանադան մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ
Կանադան և Հնդկաստանը նախատեսում են առևտրային համաձայնագիր կնքել մինչև 2026 թվականի վերջը, հայտնում է Bloomberg-ը։
Բանակցություններն ընթանում են երկու երկրների՝ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների ֆոնին։ Ամռանը Կանադայի և Միացյալ Նահանգների միջև առևտրային բանակցությունները ձախողվել են, ինչն ավելի է խորացրել պետությունների միջև տարաձայնությունները։ Հնդկաստանն իր հերթին բախվել է ռուսական նավթի և գազի գնումների պատճառով ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքին։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Bloomberg News-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլթուեյթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ երկրները ստիպված են վերանայել ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունները։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հնդկաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը Վաշինգտոնի հետ։
Առևտրային կապերի ամրապնդումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Կանադայի և Հնդկաստանի համար։ Կանադան ունի ուրանի՝ աշխարհում ամենախոշոր պաշարներից մեկը և կարող է մասնակցել Հնդկաստանի միջուկային էներգետիկայի զարգացմանը։ Բացի այդ, կողմերը շահագրգռված են ենթակառուցվածքների, լեռնահանքային արդյունաբերության և պարենային անվտանգության ոլորտներում համագործակցությամբ։
