ԱՄԷ-ում փակվել է հայտնի լողափը․ ի՞նչ է տեղի ունեցել
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա էմիրությունում գտնվող Ալ Համրիա լողափը ժամանակավորապես փակվել է՝ որպես նախազգուշական միջոց, նավթային հետքի մոտենալու պատճառով։ Այս մասին հայտնել է Շարժայի հեռուստառադիոհեռարձակման վարչությունը՝ հղում անելով էմիրության կառավարության մամուլի ծառայության տվյալներին։
Նշվում է, որ ջրի աղտոտումը պայմանավորված է եղել ծովային լցանավերից մեկից տեղի ունեցած արտահոսքով։
Ավելի վաղ երկրի տարբեր հատվածների բնակիչները հայտնել էին բենզինի հոտի տարածման մասին։ Համապատասխան ծառայություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ափամերձ տարածքների անվտանգությունն ապահովելու և աղտոտման տարածումը կանխելու ուղղությամբ։ Ձկնորսներին և հանգստացողներին կոչ է արվել խստորեն հետևել հանրային անվտանգության ապահովման հրահանգներին։
Ավելի վաղ ԱՄԷ-ի իշխանությունները նավթային արտահոսքի հայտնաբերումից հետո փակել էին Ում ալ Քուվեյն էմիրության բոլոր լողափերն ու ափամերձ գոտիները։ Սահմանափակումները սահմանվել էին մինչև իրավիճակի գնահատումը և ծովային միջավայրի պաշտպանության միջոցառումների որոշումը։
