Ֆրանսիան հարկ է սահմանել ինտերնետային տրաֆիկի համար
Ֆրանսիայի պատգամավորներն ընդունել են հարկային օրենսգրքում փոփոխություն, որի համաձայն՝ խոշոր թվային ընկերությունները երկրի պետական բյուջե պետք է վճարեն 5.5 եվրոցենտ՝ օգտատերերի կողմից ստացված ինտերնետային տրաֆիկի յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց։
Նոր փոփոխությունը վերաբերում է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Netflix-ը, Meta-ն, Google-ը և այլ հարթակներ։ Նրանք ստիպված կլինեն վճարել ֆիզիկական անձանց փոխանցված տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի համար։
Ինտերնետային տրաֆիկի ծավալը հաշվառելու են ֆրանսիական ինտերնետ-մատակարարները, որոնք այնուհետև համապատասխան տվյալները փոխանցելու են հարկային ծառայությանը։
Նախնական գնահատականներով՝ նոր միջոցը կարող է պետական բյուջեին տարեկան ապահովել մինչև 10 մլրդ եվրոյի եկամուտ։ Հեռահաղորդակցության ոլորտի ֆրանսիական կարգավորող մարմնի տվյալներով՝ երկրի բաժանորդներին տարեկան փոխանցվող ինտերնետային տրաֆիկի ծավալը կազմում է շուրջ 200 մլրդ գիգաբայթ։
