ՕՊԵԿ+-ի «Յոթնյակը» որոշել է դեկտեմբերին պահպանել նավթի արդյունահանման գործող քվոտաները
ՕՊԵԿ+-ի յոթ երկրների (Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Քուվեյթ, Իրաք, Ղազախստան և Օման) նախարարները հերթական ամսական առցանց հանդիպման արդյունքներով որոշել են դեկտեմբերին ևս պահպանել նավթի արդյունահանման գործող քվոտաները։ Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի մամուլի հաղորդագրությունում։
Գործարքի առաջատար մասնակիցներ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի համար նավթի արդյունահանման առավելագույն թույլատրելի ծավալները պահպանվել են համապատասխանաբար օրական 10.478 մլն և 9.949 մլն բարելի մակարդակում։ Իրաքը կարող է արդյունահանել օրական 4.431 մլն բարել, Քուվեյթը՝ 2.676 մլն բարել, Ղազախստանը՝ 1.628 մլն բարել, Ալժիրը՝ 1.007 մլն բարել, իսկ Օմանը՝ 841 հազար բարել։
ՕՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն՝ համաձայնագրի մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու դրա ամբողջական կատարումը։
