Porsche-ն պատրաստում է 15 բացառիկ սուպերմեքենա՝ մինչև 15 միլիոն դոլար արժեքով
Վերջերս Porsche ընկերությունը հայտարարեց զարգացման նոր ռազմավարության մասին։ Դրա հիմնական ուղղություններից մեկը լինելու է ավտոմեքենաների անհատականացման ծրագրի ընդլայնումը։ Porsche-ի արտադրանքի և անհատականացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Ֆաբիգը ներկայացրել է առաջիկա ժամանակահատվածի ծրագրերը։
Նրա խոսքով՝ գերմանական ընկերությունն արդեն մշակում է 15 ավտոմեքենա՝ անհատականացման ծրագրի շրջանակում։ Դրանցից ամենաէժան մոդելը կարժենա 1.8 միլիոն դոլար, իսկ ամենաթանկը՝ 15 միլիոն դոլար։ Ֆաբիգը չի բացահայտել ապագա սուպերմեքենաների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ։ Հավանաբար, դա մասամբ պայմանավորված է նրանով, որ նման յուրաքանչյուր ավտոմեքենա մշակվում է կոնկրետ հաճախորդի պատվերով։
Ֆաբիգը նշել է, որ ներկայումս անհատականացման ծրագրի շրջանակում ստեղծված սուպերմեքենաների հավելագինը հասնում է 95%-ի։ Porsche-ի նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 200%-ի։
Flachbau RS սուպերմեքենան հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես է գերմանական ընկերությունը ստեղծում ավտոմեքենաներ անհատականացման ծրագրի շրջանակում։ 2018 թվականի 911 GT2 RS-ի հիման վրա մշակված այս մոդելն ունի բազմաթիվ եզակի դետալներ, որոնք առանձնահատուկ տեսք են հաղորդում ինչպես թափքին, այնպես էլ սրահին։
Ֆաբիգը նաև հայտնել է, որ Porsche-ն զարգացնում է ավտոմեքենաների գործարանային արդիականացման և վերականգնման ծրագիրը։ Ընկերությունն արդեն վերականգնել է Carrera GT-ի 11 օրինակ՝ յուրաքանչյուրի համար սահմանելով մինչև 784 հազար դոլար գին։ Porsche-ի ծրագրերում է ևս 21 ավտոմեքենայի վերականգնումը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

