Ռուսաստանը ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան կարող է բարձրացնել մաքսատուրքերը
Ռուսաստանը Եվրամիության պատժամիջոցներին ի պատասխան կարող է բարձրացնել որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կամ սահմանափակել Եվրոպայից մի շարք ապրանքների ներմուծումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանում վաղուց ձևավորված է միջգերատեսչական մեխանիզմ, որի շրջանակում արևմտյան պատժամիջոցների համատեքստում օպերատիվ կերպով մշակվում և ընդունվում են համապատասխան որոշումներ։
«Այդ միջոցառումները կարող են ներառել ոչ բարեկամական երկրներից կոնկրետ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացում, Ռուսաստան ապրանքների որոշակի խմբերի ներմուծման սահմանափակում, արտահանման և ներմուծման քվոտավորում և այլ միջոցներ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի կողմից նմանատիպ ցանկացած որոշում ընդունվում է շահագրգիռ պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ համակողմանի վերլուծությունից հետո՝ ներքին շուկայի և հայրենական ձեռնարկությունների համար բացասական հետևանքները բացառելու նպատակով։
Ռուսաստանում բազմիցս ընդգծել են, որ երկիրը կկարողանա հաղթահարել պատժամիջոցային ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի նկատմամբ մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Արևմտյան երկրներում նույնպես բազմիցս հնչել են կարծիքներ, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։
Ռուսաստանն արդեն օգտագործում է ներմուծման բարձրացված մաքսատուրքերը՝ որպես արևմտյան պատժամիջոցներին տնտեսական հակազդեցության գործիքներից մեկը։ Ոչ բարեկամական երկրներից ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքերի կիրառման մեխանիզմը գործում է 2022 թվականի դեկտեմբերից։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ բարձրացված մաքսատուրքերը պետք է կիրառվեն՝ կախված ապրանքի ծագման երկրից, նույնիսկ եթե մատակարարումը ձևակերպվում է ԵԱՏՄ անդամ երկրներում գործող միջնորդների միջոցով։ Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ ապրանքային հոսքերի վերաուղղորդումը ներմուծողին չի ազատում լրացուցիչ վճարումներից և առաջացնում է լրացուցիչ մաքսային վճարների հաշվարկման ռիսկեր։
