Հաքերները կոտրել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերը
Եվրոպական յոթ երկրների սուպերմարկետներում կիբերհարձակում է տեղի ունեցել սառեցման համակարգերի դեմ։ Հաքերների գործողությունների հետևանքով սառնարաններն ու սառցարանները սկսել են տաքանալ, իսկ խանութները ստիպված են եղել դեն նետել փչացած մթերքը։
BBC-ի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել Բելգիայի և Լյուքսեմբուրգի սուպերմարկետները։ Կիբերհանցագործների գործողությունները գրանցվել են նաև Շվեդիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում և Էստոնիայում։ Տուժել են տասնյակ առևտրային կետեր։
Մասնավորապես, Շվեդիայի հարավում՝ Շյոբու քաղաքում գտնվող ICA սուպերմարկետներից մեկը սոցիալական ցանցերում հայտնել է, որ գիշերը հաքերները կոտրել են սառնարաններն ու սառցարանները՝ դրանց ջերմաստիճանը սահմանելով 50 աստիճան։
Նիդեռլանդներում կիբերհարձակումը տարածվել է առնվազն 17 ընկերության սարքավորումների վրա, այդ թվում՝ մսի խանութների և բնակելի թաղամասերում գործող փոքր առևտրային կետերի։ Այս մասին NOS ռադիոկայանին հայտնել է դանիական Danfoss ընկերության ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, Իռլանդիայում տուժել է SuperValu ցանցի 13 սուպերմարկետ։ Ցանցի սեփականատեր Musgrave Group-ի ներկայացուցիչը The Irish Times-ին հաստատել է, որ կիբերմիջադեպը վերաբերել է սառնարանային սարքավորումներին՝ մասնավորապես դրանց որոշակի մոդելի։
Նախնական տվյալներով՝ հանցագործներին հաջողվել է մուտք գործել սառնարանային սարքավորումների կառավարման համակարգեր և փոխել դրանց աշխատանքային ռեժիմը։ Արդյունքում մթերքը հայտնվել է փչանալու վտանգի տակ։ Որոշ խանութներ ստիպված են եղել անջատել սարքավորումները և ոչնչացնել մթերքի պաշարները։
Delhaize ցանցի սառնարանային համակարգերը կառավարող Sabcobel ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Մուլանսը Belga գործակալությանը հայտնել է, որ կիբերհարձակման ընթացքում ընկերությունն «ամբողջ գիշեր և առավոտ աշխատել է՝ տուժած սարքավորումները ցանցից անջատելու համար»։
Բելգիայի և Շվեդիայի կիբեռանվտանգության մասնագետները հետաքննում են տեղի ունեցածը։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում և ինչ նպատակով է այն իրականացվել։
Միջադեպը կրկին ուշադրություն է հրավիրել համացանցին միացված սարքերի անվտանգության խնդրի վրա։ Նույնիսկ սովորական առևտրային սարքավորումները կարող են դառնալ հաքերների թիրախ, իսկ նման հարձակումների հետևանքները կարող են անդրադառնալ ոչ միայն համակարգչային համակարգերի, այլև մարդկանց առօրյա կյանքի վրա։
