Արհեստական բանականության շուկայի անկման հետևանքով չինացի միլիարդատերը կորցրել է 11.6 մլրդ դոլար
Արհեստական բանականության մոդելներ մշակող չինական MiniMax ընկերության հիմնադիր Յան Ցզյունցզեն ընկերության բաժնետոմսերի կտրուկ անկման հետևանքով կորցրել է շուրջ 11.6 մլրդ դոլար։ Նրա կարողությունը ռեկորդային 12.6 մլրդ դոլարից նվազել է մինչև 959.5 մլն դոլար, ինչի հետևանքով գործարարը դուրս է մնացել միլիարդատերերի ցանկից։
Ինչպես հաղորդում է Forbes-ը, MiniMax-ի 37-ամյա ղեկավարի կարողությունը հասել էր իր առավելագույն մակարդակին այն բանից հետո, երբ ընկերությունը 2026 թվականի հունվարին ցուցակվել էր Հոնկոնգի ֆոնդային բորսայում։ Սակայն նոյեմբերի 20-ի դրությամբ ընկերության բաժնետոմսերի գինը մարտին գրանցված առավելագույն մակարդակի համեմատ նվազել էր ավելի քան 90%-ով՝ իջնելով նաև նախնական հրապարակային առաջարկի (IPO) գնից։
Այդ ժամանակահատվածում MiniMax-ի շուկայական կապիտալիզացիան կրճատվել է 432 մլրդ հոնկոնգյան դոլարով կամ շուրջ 55 մլրդ դոլարով։ Ընկերության ներկայացուցիչները պարբերականի հարցմանը չեն պատասխանել։
Բաժնետոմսերի գների անկումը տեղի է ունենում Չինաստանի արհեստական բանականության շուկայում մրցակցության սրման ֆոնին։ Shenton Research-ի վերլուծաբան Կե Յանի խոսքով՝ MiniMax-ը նախկինում համարվում էր երկրում արհեստական բանականության մոդելների առաջատար մշակողներից մեկը, սակայն այժմ զիջում է մրցակիցներին։
Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են ավելացնել արհեստական բանականության ոլորտում ներդրումները։ Երրորդ եռամսյակում Tencent-ի կապիտալ ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 225%-ով՝ հասնելով 65.1 մլրդ յուանի (9.2 մլրդ դոլար)։ Alibaba-ն իր ծախսերն ավելացրել է 60%-ով՝ հասցնելով 50.5 մլրդ յուանի։
Մրցակցության լրացուցիչ գործոն է դարձել DeepSeek-ը, որն, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ֆինանսավորման նոր փուլի ընթացքում ներգրավել է 105.5 մլրդ յուան։ Ընդ որում՝ ընկերության գնահատված արժեքը կազմել է շուրջ 615.5 մլրդ յուան։
OpenRouter հարթակի տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում MiniMax-ի ոչ մի մոդել չի ընդգրկվել աշխարհում ամենաշատ օգտագործվող մոդելների շարքում։ Առաջատար դիրքերում են հայտնվել Tencent-ի և DeepSeek-ի մշակումները։
Միևնույն ժամանակ, MiniMax-ի ֆինանսական ցուցանիշները շարունակում են աճել։ 2026 թվականի առաջին կիսամյակում ընկերության հասույթն աճել է 283.1%-ով՝ հասնելով 116.6 մլն դոլարի։ Սակայն նույն ժամանակահատվածում զուտ վնասը կազմել է 358 մլն դոլար։
Վերլուծաբանները զգուշացնում են բաժնետոմսերի արժեքի հետագա անկման ռիսկի մասին։ 2027 թվականի հունվարին կավարտվի MiniMax-ի ևս 86.1 մլն բաժնետոմսերի վաճառքի սահմանափակման ժամկետը։ Փորձագետների կարծիքով՝ ընկերությունը կարող է նաև լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունենալ՝ արհեստական բանականության մոդելների զարգացումն ու հաշվողական հզորությունների ձեռքբերումը շարունակելու համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

