Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ Coca-Cola-ն գրանցել է վաճառքի անկում
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին, վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ, Coca-Cola ընկերության արտադրության գազավորված ըմպելիքների համաշխարհային վաճառքի ծավալները կրճատվել են: Ընկերության հրապարակած հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու եռամսյակում ամբողջ աշխարհում գազավորված ըմպելիքների վաճառքի ծավալների անկումը կազմել է 1%: Միևնույն ժամանակ, առավել զգալի անկում գրանցվել է Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 10%: Ամբողջ Եվրոպայում անկումը կազմել է 5%:
Ինչ վերաբերում է Coca-Cola ընկերության վաճառքի համախառն ցուցանիշին, ապա հաշվետու եռամսյակում այն աճել է 2%-ով: Աճին նպաստել են ոչ գազավորված ըմպելիքների, այդ թվում հյութերի վաճառքի աճը:
Նշենք, որ Coca-Cola ընկերության վաճառքի ընդհանուր ծավալում գազավորված ըմպելիքների մասնաբաժինը կազմում է մոտ 75%: