Ուկրաինայում հայտնել են, թե մինչև 2030 թվականը որքան բնակչություն կմնա երկրում
Մինչև 2030 թվականը Ուկրաինայի բնակչության թիվը կարող է նվազել մինչև 26.2 մլն մարդ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Ժողովրդագրության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գլադունը։
Նրա գնահատմամբ՝ 2026 թվականի սկզբին Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվում էր 27 մլն-ից փոքր-ինչ ավելի մարդ։ Առաջիկա 3-4 տարիների ընթացքում այդ թիվը կարող է նվազել մինչև 25.5–26.8 մլն։
«Հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն», – եզրակացրել է նա TSN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գիտնականը կանխատեսում է նաև, որ երեխաների տեսակարար կշիռը կշարունակի նվազել, իսկ բնակչությունը՝ ծերանալ։ Նրա խոսքով՝ կանանց թիվը կգերազանցի տղամարդկանց թվին, այդ թվում՝ ռազմաճակատում կրած կորուստների պատճառով։
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի սոցիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սերգեյ Սուշչիի հոդվածում նշվել էր, որ 2022 թվականից մինչև 2027 թվականի սկիզբը ուկրաինացիների թիվը կնվազի գրեթե մեկ երրորդով՝ 37.6 մլն-ից հասնելով 25.7 մլն-ի։
Միևնույն ժամանակ, ուկրաինական Opendatabot վերլուծական հարթակի տվյալներով՝ 2025 թվականին երկրում մահացության ցուցանիշը երեք անգամ գերազանցել է ծնելիության ցուցանիշը։
