ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ – ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Նախագահ Սարգսյան – Ուրախ եմ այս հանդիպման համար եւ առաջարկում եմ մամուլի ասուլիսը սկսել առանց նախաբանի:
Նախագահ Սարգսյան – Դուք իրավացի եք: Այս մեկ տարին լի էր իրադարձություններով, խնդիրներով, վայրիվերումներով, որոնք բավական կլինեին, որպեսզի մի քանի տարվա ժամանակագրություն կազմվեր: Միեւնույն ժամանակ, ես համարում եմ, որ այս մեկ տարին հնարավորությունների տարի էր, եւ կարծում եմ, մեր պետությունը, պետականությունն ու հասարակությունը այս ընթացքում բավականաչափ հասունացան` ավելին, քան հնարավոր էր սովորական պայմաններում: Ամենակարեւորն այն է, որ այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք խորացնել մեր հարաբերությունները մեր բարեկամների եւ գործընկերների հետ: Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք սկսել եւ, իմ կարծիքով, բավականին առաջ գնալ Թուրքիայի հետ բանակցություններում, կարողացանք ավելի արդյունավետ դարձնել ղարաբաղյան բանակցությունները: Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ձեւակերպել լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումը էապես կփոխի մեր տարածաշրջանի դիրքավորումը եւ մեր դիրքավորումը մեր տարածաշրջանում:
Կարծում եմ, այս մեկ տարվա ընթացքում կարողացանք որոշակի էլեմենտներ մտցնել մեր ներքաղաքական կյանք. նկատի ունեմ անվտանգության խորհրդի դերի բարձրացումը, քաղաքական ուժերի հետ պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցությունները, հանրային խորհրդի ձեւավորումը: Այսօր մեր հասարակության առջեւ ծառացած ամենահիմնական խնդիրն, իրոք, ճգնաժամի հետեւանքների հաղթահարումն է, եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք անել այնպես, որ այդ հետեւանքները մեր հասարակության համար լինեն ավելի մեղմ, քան կարող էին լինել:
Նախագահ Սարգսյան – Աշխարհում հիմա չկա մի կառավարություն, որ կարծի, թե լավ ժամանակներ են, եւ սա, իհարկե, վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, ճգնաժամը միայն կառավարության խնդիրը չէ, ճգնաժամը հայաստանյան երեւույթ չէ, բոլորս պարտավոր ենք միակամ լինել, կանգնել կառավարության կողքին, որպեսզի նա կարողանա մեղմել հետեւանքները: Մեր կառավարության հակաճգնաժամային ծրագիրը մի կողմից համահունչ է այլ երկրների կառավարությունների ծրագրերին, մյուս կողմից, իհարկե, ունի յուրահատկություններ, որովհետեւ այս ճգնաժամը մեզ համար ավելի է խստանում այն պատճառով, որ, ինչպես գիտեք, մեր ժողովուրդը ֆինանսական աջակցություն է ստանում մեր Սփյուռքից: Ճգնաժամի հետեւանքով այդ աջակցությունն էլ պակասեց, քանի որ այն ազդեցություն է ունեցել եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի վրա, եւ այլուր: Երկրորդ, գիտեք, որ մեր հասուն բնակչության մի մասն իր ապրուստը վաստակում էր արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունում, եւ այնտեղ էլ աշխատատեղերի կրճատման պատճառով այս մարդկանց մի մեծ մաս մնաց Հայաստանում: Կարծում եմ, բոլորս պետք է ողջունենք վարչապետի թափանցիկ գործունեությունը, նրա հաստատակամությունն ու մեր կառավարության վստահությունը վաղվա օրվա նկատմամբ: Ես իմ ուրախությունն եմ հայտնում, որ մենք մինչ այս ճգնաժամը կարողացանք ձեւավորել քաղաքական դաշինք, կոալիցիա եւ կադրերի ճիշտ ընտրություն կատարել: Կարծում եմ, այն քննադատությունը, որ հնչում է կառավարության, իշխանությունների հասցեին, օրինաչափ է, այդպես էլ պետք է լինի: Յուրաքանչյուր կառավարություն, իշխանություն պետք է պատրաստ լինի քննադատություն լսելուն եւ դրանից պետք է ոչ թե նեղսրտի, վիրավորվի, այլ պետք է հետեւություններ անի: Մենք ընտրել ենք այս ճանապարհը, եւ, կարծում եմ, որ ավելի դյուրին ու ճշմարիտ ուղի չկա:
Նախագահ Սարգսյան – Անպայման: Ճգնաժամը ոչ թե պակասեցրել է այս ծրագրերը իրականացնելու մեր հաստատակամությունն, այլ, ընդհակառակը, մեզ ստիպում է, ավելի շատ ջանքեր գործադրել այդ ծրագրերի իրականացման համար, որովհետեւ այս ծրագրերը հենց մեր հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մասն են: Դրանք պարունակում են շատ լուրջ հակաճգնաժամային ռեսուրս, սոցիալական խնդիրներ լուծող մեծ փաթեթ, այդ պատճառով էլ անպայման, իրականանալու են: Ես հասկանում եմ որոշ մարդկանց թերահավատությունը, որովհետեւ այս ծրագրերն աննախադեպ են Հայաստանի համար: Սրանք բազմամիլիարդանոց ծրագրեր են /նկատի ունեմ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով/, բայց մենք կարողանալու ենք դրանք իրականացնել: Եթե հետեւում եք պաշտոնական հաղորդագրություններին, ապա մի փոքր վերլուծությունից հետո առաջընթաց կտեսնեք: Ես կարծում եմ, ապրիլի ընթացքում այս առումով մենք նոր բան կունենանք ասելու մեր հասարակությանը:
Նախագահ Սարգսյան – Ձեր փոխարեն ես կասեի` շուրջ 20 տոկոս արժեզրկում, քանի որ այստեղ մեկ, երկու, երեք տոկոսն էական հանգամանք է: Միանգամից ասեմ, որ յուրաքանչյուր կառավարության գործունեության արդյունավետություն պետք է գնահատել նրա` սոցիալական ծրագրեր իրականացնելու կարողությամբ: Այս պարագայում կարծում եմ, կառավարության դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Մենք անցել ենք շատ խիստ բյուջետային խնայողական ռեժիմի, բայց դա չենք տարածել սոցիալական ծախսերի վրա: Հիշում եք, 2009թ. բյուջեն հաստատելու ժամանակ կառավարությունը քննադատության ենթարկվեց, եւ որքան էլ տարօրինակ է, նաեւ յուրայինների կողմից, այն բանի համար, որ ավելացնում է թոշակները, սոցիալական նպաստները, ուսուցիչների ու սպաների աշխատավարձերը: Կարծում եմ, դա ճիշտ քայլ, ճիշտ որոշում էր, քանի որ ճգնաժամն առաջին հերթին հարվածում է անապահով շերտերին: Իհարկե, ես պարտավոր եմ ասել, որ դրամի արժեզրկումն ունի եւ դրական, եւ անշուշտ, բացասական կողմեր: Բացասականը գնաճն է եւ, այս առումով կառավարությունը խնդիր ունի չթույլատրել չհիմնավորված գնաճ: Այսինքն, կարգավորող մարմիններն այս հարցում պետք է լինեն շատ խիստ, հետեւողական եւ գործեն օրենքի տառին համահունչ: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ դրամի արժեզրկումն որոշակի հնարավորություններ է ստեղծում տեղական արտադրողների համար, արտահանումը խթանելու եւ ներդրումներ ներգրավելու գործում: Եթե հիշում եք, մեկ-երկու տարի առաջ կառավարությունն ու Կենտրոնական բանկը խիստ քննադատության էին ենթարկվում դրամի արժեվորման գործընթացի պատճառով: Մենք ականատեսն ենք, թե աշխարհում ամենակայուն տարադրամներն ինչպես են մեկ արժեզրկվում, մեկ արժեւորվում: Եթե հետեւել եք` այսօր ու երեկ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում դոլար-եվրո հարաբերություններում: Դրամի արժեզրկումն ինքնին ողբերգություն չէ, եթե կարողանանք զսպել գները, ապա սա մեծ խնդիր չի լինի: Ուզում եմ նաեւ ասել, որ բնակչության համար դժվար է ճիշտ կողմնորոշվել այս գործընթացներում: Ձեզանից շատ բան է կախված`պետական վիճակագրական տվյալները մեր բնակչության տարբեր շերտերին հասցնելու համար: Երբ նայում եմ մամուլը, շատ եմ զարմանում` տեսնելով միակողմանի մեկնաբանում, պոպուլիստական մոտեցում եւ հոդվածներ: Այստեղ նստածներից շատերը եւ մեր բնակչության անապահով խավի մեծ մասն իմ այս խոսքերը լսելով գուցե վրդովվեն, բայց եթե անկեղծ լինենք ու նայենք գներին, կտեսնենք, որ այդպես չէ, որ գները միայն աճել են: Մեր երկրում սպառողական ինդեքսը, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել է մեկ տոկոսով, ինչը նույնիսկ վատ եմ համարում, քանի որ դա խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Շատերը կարող են ասել, թե Նախագահը խանութ եւ շուկա չի գնում եւ դրա համար չգիտի գների իրական վիճակը: Ձեզ հավաստիացնում եմ, որ ես ամեն օր հետաքրքրվում եմ այս խնդրով, եւ եթե դուք հիմա փորձեք համեմատել, ենթադրենք, ալյուրի գները 2009թ. եւ 2008թ. մարտ ամիսներն, ապա կտեսնենք, որ այստեղ գնաճ չի եղել: Այո, մսի, շաքարավազի, բրնձի գներն աճել են, բայց նայեք, թե ինչ վիճակում են կարտոֆիլի, մակարոնեղենի, բուսական յուղի գները: Նորից եմ կրկնում, ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ դրամի արեժզրկումը բերել է շատ ապրանքների, առաջին հերթին` Հայաստան ներմուծվողների գնաճին:
Նախագահ Սարգսյան – Լավ չեմ վերաբերվում։ Վստահ եմ, որ եթե հիմա մենք քվեարկություն անցկացնենք, ապա մեծամասնությունը կքվեարկի հարկային դաշտը կանոնակարգելու օգտին։ Այդպիսի տեսակետներ հնչեցնողները մի փոքր ծռում են իրենց միտքը, որպեսզի ուղիղ չհասկանանք. քանի որ ճգնաժամ է, եկե՛ք հարկ չվճարենք։ Եթե հարկ չվճարենք, ապա ինչպե՞ս ենք մենք ապրելու։ Իրականության մեջ, եթե այս ճգնաժամը չլիներ, մենք կգնայինք էվոլյուցիոն ճանապարհով, կունենայինք մուտքերի մակարդակ, կկարողանայինք կատարել անհրաժեշտ ծախսերը, եւ 5-6-7 տարիների ընթացքում կփորձեինք կարգուկանոն հաստատել հարկային դաշտում։ Ճգնաժամը ստիպում է մեզ արագացնել այդ գործընթացները։ Կարգուկանոն հարկային դաշտում՝ նշանակում է ազատ մրցակցություն, քաղաքակիրթ հարաբերություններ, իսկ մենք դրան ենք ձգտում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, միտում ունեն։ Բնականաբար, այդ խոսակցություններին ես ծանոթ եմ, որոշակի ուսումնասիրություն ենք կատարել։ Դրանք գալիս են տնտեսավարող սուբյեկտներից, նրանցից, ովքեր այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն հարկային ու մաքսային մարմինների հետ, ինչպես նաեւ այդ համակարգերից ազատված աշխատողներից։ Այս տարվա ընթացքում 300-ից ավելի մարդ ազատվել է հարկային ծառայությունից, մի քանի տասնյակ աշխատող էլ՝ մաքսայինից։ Այս մարդիկ չեն կարող լինել այդ փոփոխությունների ջատագովները։ Վատ եմ վերաբերվում այդ խոսակցություններին:
Նախագահ Սարգսյան – Եթե իմանայի՝ որ լինելու է նման ճգնաժամ, հավանաբար այլ ծրագիր կունենայի, որում կլինեին նոր գաղափարներ։ Բայց ես չէի կարող կանխատեսել համաշխարհային այդպիսի ճգնաժամ։ Բայց դա ծրագրերից հրաժարվելու առիթ չէ։ Իմ նախընտրական ծրագիրը կազմված է, հաշվարկված է հինգ տարվա համար, եւ այս հինգ տարիների ընթացքում մեր թիմով կարողանալու ենք ամբողջովին իրականացնել այդ ծրագիրը։ Այս եւ միգուցե հաջորդ տարվա ծրագրերում կարող են ժամկետային փոփոխություններ լինել, բայց, համոզված եմ, որ ծրագիրն իրականացվելու է ամբողջությամբ։
Նախագահ Սարգսյան- Իհարկե, ճգնաժամը որոշակի ազդեցություններ ունեցել է իմ բոլոր ծրագրերի, եւ մասնավորապես այս ծրագրի վրա։ Սակայն պետք է մեկ անգամ եւս կրկնեմ, որ ճգնաժամը երբեք չի կարող առիթ լինել, առավել եւս արդարացում լինել որեւէ ծրագիր չկատարելու համար։ Այդ ծրագիրը հիմա նույնպես մասնակիորեն գործում է, օրինակ՝ ԵՊՀ մի մեծ խումբ երիտասարդ դասախոսների համար իրականացվում է ծրագիր։ Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, որ այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն արդեն իսկ երիտասարդ ընտանիքների ցուցակներ է կազմում, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել, ներգրավել հիպոթեքային ծրագրերում։ Մենք այդ ծրագրերը շարունակելու ենք եւ դիտում ենք դրանք որպես հակաճգնաժամային ծրագրեր, որովհետեւ ճգնաժամը նաեւ շատ վատ ազդեցություն է ունենում երիտասարդների, երիտասարդ ընտանիքների վրա։
Նախագահ Սարգսյան – Յուրաքանչյուր մեծ ձեռնարկության ստեղծում հակաճգնաժամային քայլ է՝ ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը։ Այս առումով Թեղուտը բացառություն չէ, եւ հենց այս պատճառով է, որ մենք բազմաթիվ խնդիրներ լուծել ենք, հիմա էլ պատրաստակամ ենք լուծել։ Դա հնարավորություն կտա կյանքի կոչել հանքարդյունաբերական այդ մեծ ձեռնարկության ծրագրերը։ Կարծում եմ, որ ձեր նշած ընկերությունն ի վիճակի է կոմբինատը գործարկել նախատեսված ժամկետներում եւ, որքանով տեղյակ եմ, այս օրերին ձեռնարկության սեփականատերը շատ ինտենսիվ բանակցություններ է վարում համապատասխան բանկի հետ, որպեսզի կարողանա ներգրավել միջոցներ, առանց որի անհնար է գործարկումը։ Խնդիր էր առաջացել նաեւ այն պատճառով, որ մեր բնապահպանական կազմակերպությունները խիստ մոտեցումներ էին ցուցաբերել, ծրագիրը դրանից թանկացել էր։ Ի դեպ, սա ես չեմ համարում ողբերգություն, միգուցե ճիշտ քայլ էր։ Հիմա լրագրողներից էլ ջանքեր են պահանջվում, որպեսզի այս գործարանի կառուցման գաղափարի ճիշտ լինելը տեղ հասցվի, մենք օժանդակել ենք ու պետք է օժանդակենք։
Նախագահ Սարգսյան – Ո՛չ, չեն ենթարկվի։ Ինչպես գիտեք, Հայաստանի բոլոր կառավարությունները մշտապես զբաղվել են աղետի գոտու խնդիրների լուծմամբ։ Հիմա ճիշտ տեղին եմ համարում նշելու, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարյա ամեն օր էր զբաղվում աղետի գոտու խնդիրների լուծմամբ, եւ նրա նախագահության տասը տարիների ընթացքում հսկայական առաջընթաց ենք ունեցել։ Բայց, ցավոք սրտի, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել։ Այդ պատճառով էլ 2007 թվականին ՀՀ կառավարությունն ուսումնասիրեց գործընթացը եւ եկավ այն եզրակացության, որ պետք է առնվազն հինգ ու կես հազար բնակարան կառուցել ավերիչ երկրաշարժի հետանքներն իսպառ վերացնելու համար։ Գիտեք, որ կառավարությունը նախատեսել է միայն Գյումրիում այս տարի կառուցել եւ շահագործման հանձնել 1000 բնակարան։ Այդ միջոցները կան, շինարարական աշխատանքներն սկսվել են, եւ դրանք անպայման ունենալու են դրական ավարտ։ Այս ծրագիրն ինքնին հակաճգնաժամային բնույթ ունի, այն ենթադրում է 9000 մարդու համար աշխատատեղերի ստեղծում։ Խոսքը շինարարների ու շինանյութեր արտադրողների մասին է. մի կողմից կստեղծվեն աշխատատեղեր, մի կողմից՝ կլուծվեն սոցիալական խնդրները։ Ճգնաժամը միայն կմեղմվի, գոնե, Գյումրիում։ Այնպես որ, մենք այս ծրագիրը շարունակելու ենք, կարող եք չկասկածել։ Ու ոչ միայն Գյումրիում, ամբողջ աղետի գոտում։
Նախագահ Սարգսյան – Այո, Սյունիքում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան Հանրապետության միջին ցուցանիշը: Բայց եկեք ճշմարտությունն ասենք: Դաա այն պատճառով չէ, որ Սյունիքում այլ մարզերի համեմատ քիչ են արտադրական ձեռնարկություններն, այլ այն պատճառով, որ Սյունիքում քաղաքային բնակչության թիվը մեծ է: Դուք գիտեք, որ վերջերս ես եղել եմ մարզում, եւ վստահ եմ, որ Սյունիքի առաջատար ձեռնարկություններն` առաջին հերթին հանքարդյունաբերական ձեռնարկությունները, ոչ միայն շարունակելու են աշխատել, այլ նաեւ իրականացնելու են զարգացման ծրագրեր: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 2009թ. վերջին կոնկրետ Քաջարանի կոմբինատում պետք է արդեն ունենանք 16 մլն տոննա հանքաքարի վերամշակում: Սա կրկնակի ավելի է, քան Սովետական Միության ժամանակ վերամշակվող հանքաքարը: Ուրեմն, ձեռնարկությունները, որոնք այսօր աշխատում են, միանշանակ աշխատելու են: Այն ծրագրերը, որոնք մենք նախատեսել ենք, եւ որոնց մասին դուք ասում եք, անպայման իրականացնելու ենք: Եթե ոչ այս տարի, ապա կարծում եմ, հաջորդ տարի սկսելու ենք երկաթուղու շինարարությունը: Ես մեծ հույս ունեմ, որ այս տարի սկսելու ենք մեկ այլ խոշոր ծրագիր` Իրան-Հայաստան պատրաստի արտադրանքի խողովակաշարի կառուցումը, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրենք բենզին եւ դիզվառելիք: Արաքսի վրա ՀԷԿ-ի շինարարությունը եւս սկսելու ենք: Սա շատ մեծ սոցիալական խնդիրներ լուծող ծրագիր է` հզոր հիդրոկայան, որի նմանը չկա ողջ տարածաշրջանում: Վստահ եմ, որ այս ծրագրերն իրականացվելու են եւ լուծելու են սոցիալական խնդիրներ ոչ միայն Սյունիքի մարզում:
Նախագահ Սարգսյան – Ես չեմ կասկածում, որ ցանկացած խնդիր մեր ժողովուրդը կապում է հանրապետության ղեկավարության հետ։ Միգուցե ճիշտ համեմատություն չեմ անում, բայց վստահ եմ, որ եթե մեկի տանը հեռուստացույցը փչանում է, դժգոհում են հանրապետության նախագահից։ Դեռեւս բավական տեւական շրջան մեր հասարակությունում այդ իրավիճակն է լինելու, բայց գալու են ժամանակներ, երբ մեր հասակարությունը տարբերակելու է հանրապետության ղեկավարության գործառույթները։ Ես ասել եմ, ու ասում եմ, որ իմ ամենակարեւոր խնդիրն այն է, որ այս ճգնաժամի հետեւանքները մեր ժողովրդի համար չլինեն ավելի ծանր, քան ուրիշների համար։ Այստեղ ուզում եմ մի փոքր շեղում անել եւ ասել, որ, չգիտես ինչու, հանրապետության կառավարությանը եւ նախա