OPEC-ը անփոփոխ է թողել նավթի արդյունահանման ծավալները
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը, որին բաժին է ընկնում նավթի համաշխարհային շուկայում շուրջ 40%-ը, որոշել է անփոփոխ թողնել նավթի արդյունահանման վերին թույլատրելի սահմանը՝ 30 մլն բարել նավթ/օրական: Այս մասին նշվում է OPEC-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
OPEC-ի կանխատեսմամբ՝ առաջիկա վեց ամսվա ընթացում համաշխարհային շուկայում նավթի պահանջարկը կկազմի օրական միջինը 30,4 մլն բարել:
Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ ապրիլին OPEC-ի անդամ 12 երկրները արդյունահանել են օրական 29,6 մլն բարել նավթ: ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: