27.6 մլն դոլարով վաճառվել է այս տարի հայտնաբերված ամենամեծ երկնագույն ադամանդը
Հարավաֆրիկյան Petra Diamonds ընկերությունը վաճառել է այս տարվա հունիս ամսին հայտնաբերված 122.52 կարատ քաշով եզակի երկնագույն ադամանդը: Ադամանդը գտնվել է ընկերությանը պատկանող Կուլինան հանքում, որը երկնագույն ադամանդներով ամենահարուստ հանքն է աշխարհում: Նշեքն, որ երկնագույն ադմանդները համարվում են ալմաստների կամ ադամանդների ամենաեզակի և ամենաթանկ տարատեսակը:
Petra Diamonds ընկերությունը 2008թ.-ից հանդիսանում է վերոնշյալ հանքի սեփականատերը, այս ժամանակաշրջանում հանքում գտնվել է 100 կարատ ու ավել քաշով 750 և 200 կարատ ու ավել քաշով 130 թանկարժեք քար: Աշխարհում արդյունահանվող 400 կարատից ավել քաշով ալմաստների 25%-ը հայտնաբերվում է այս հանքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բիզնես 24»-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ադմանդների ցուցակը, որում տեղ են գտել Հարավային Աֆրիկայի հանքերում հայտնաբերված մի քանի թանկարժեք քարեր: