Կանադան Հնդկաստանում ավելացնում է սեփական ներդրումները
Կանադայի խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամը, որը կառավարում է 206 մլրդ դոլարի ակտիվ, մտադիր է Հնդկաստանում սեփական ներդրումների ծավալն ավելացնել 1,5 մլրդ դոլարով և այդ նպատակի համար որոնում է տեղական գործընկերների: Կանադայի այս նախաձեռնությանը զգալիորեն նպաստել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի որոշումը, որով, փաստացիորեն, օտարերկրյա կապիտալի համար բացվում 1,9 տրլն ծավալի տնտեսություն:
Կանադական հիմնադրամը խոշորագույն ներդրումային ինստիտուտների թվում է, որի համար Հնդկաստանը գրավիչ շուկա է համարվում` չնայած այն հանգամանքին, որ աշխարհի հինգ խոշոր զարգացող տնտեսությունները ներկայում ցուցադրում են բավական թույլ աճ: Ի դեպ, նորվեգական Norges Bank Investment Management սուվերեն հիմնադրամը, որը խոշորագույնն է աշխարհում` իր 870 մլրդ դոլարի ակտիվներով, նույնպես հայտարարել է հնդկական ներդրումների ծավալի էական ավելացման մասին: