Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գյուղական համայնքների հինգերորդ համաժողովի բացմանը
10/11/2015 17:48
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գյուղական համայնքների հինգերորդ համաժողովի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 19-ամյակը:
Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանին:

Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ավանդույթ դարձած այս համաժողովը հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման խնդիրները, իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացնել հետագա անելիքները։ «Հատկանշական է, որ ֆորումն անց է կացվում այսօր՝ նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, և այս առիթով շնորհավորում եմ ձեզ և մեր մյուս բոլոր գործընկերներին», – նշել է Հովիկ Աբրահամյանը և շնորհավորել նաև 2015 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված և վերընտրված համայնքապետերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Անդրադառնալով հինգերորդ ամենամյա ֆորումի շրջանակում քննարկվելիք թեմաներին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվա համաժողովի օրակարգում ներառված են գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը` նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասը իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը և այլն։ Տարբեր ուղղություններով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու և եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը և զարգացումը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների և այլ օբյեկտների հիմնանորոգմանը»:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև միջազգային մյուս կառույցների դերակատարությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում: «Նրանց օժանդակությամբ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով համայնքների փորձնական 14 փնջերում կիրականացվեն ավելի քան 13.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանքներ: Մարզային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական միության կողմից հատկացվել է ավելի քան 13.0 մլն եվրոյի օժանդակություն, որոնց ծրագրերի մրցույթները հայտարարվել են, և որոնց մասնակցության պարտադիր պայման է համարվում համայնքների ներգրավվածությունը», – շեշտել է կառավարության ղեկավարը։

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության և արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը և իրականացմանը և ընդգծել, որ հենց այդ նպատակին են ծառայում Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությամբ ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը: «Մենք նաև հետևողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ուղղությամբ: Ասվածիս վառ ապացույցն է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» ծրագրի իրականացման համար այս տարվա հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովում Հայաստանի ստացած մրցանակը: Հավաստիացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն և բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ», – նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների հետ միասին ՀՀ կառավարությունն աջակցելու համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը և, միայն թե համայնքների ղեկավարությունը պետք է աշխատի ավելի արդյունավետ և հոգա ազգաբնակչության խնդիրները: «Տարեցտարի ՀՀ կառավարությունը, քաջ գիտակցելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կարևորությունը մեր երկրի կայացման գործընթացում, ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացնելու և աջակցելու, որպեսզի այդ ինստիտուտները կայանան: Դա է մեր երկրի ապագան, և մենք ունենալու ենք հզոր համայնքներ ու հզոր պետություն», – եզրափակել է վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։

Իրենց ելույթներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը և Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը շնորհակալություն են հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրման համար և կարևորել Հայաստանում գյուղական համայնքների՝ արդեն ավանդական դարձած համաժողովի անցկացումը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի խոսքով՝ ֆորումն արդյունավետ հարթակ է դարձել համայնքային զարգացման խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները քննարկելու առումով և հաշվի առնելով նախորդ տարիներին համաժողովների արդյունքում ոլորտում կատարված մեծ աշխատանքը՝ պետք է արձանագրել դրական տեղաշարժ: ՏԻՄ համակարգում բարեփոխումների իրականացման համատեքստում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանի համայնքների խոշորացման գործընթացը՝ որպես ապակենտրոնացված կառավարման արդյունավետ միջոց: Նշելով, որ կառավարման առումով համայնքների խոշորացումը կարևոր և արդյունավետ փոփոխություն է համայնքների և մարդկանց կյանքում՝ Քարեն Հիլիարդն ԱՄՆ ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակելու աջակցությունն այս գործընթացին և ընդհանրապես ՏԻՄ համակարգի բարեփոխումներին:

Իր հերթին Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը նշել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնած է ՏԻՄ համակարգի բարեփոխումների ակունքներում, և դեռևս ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նախաձեռնել է այս գործընթացը: Նա նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրոպայի խորհրդի համար և գոհունակությամբ նշել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների եվրոպական խարտիան:

Վարչապետ Աբրահամյանը Ջերմուկում այցելել է նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես, ծանոթացել Մեղրու տարածաշրջանը ներկայացնող «Այգեգործ ֆերմերների աջակցության կենտրոն»-ի առաջարկած սարքավորումներին ու ծառայություններին:

Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 129 համայնքի ղեկավար (ներառյալ 17 կին և 49 քաղաքային համայնքի ղեկավար) և 20 ավագանու անդամներ, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6