![Աջակցություն վանակատի հանքավայրերին․ շահագործման թույլտվության պետական տուրքն էականորեն կնվազի](https://b24.am/pub/uploads/2016/02/obsidian5_674726023.jpg)
Աջակցություն վանակատի հանքավայրերին․ շահագործման թույլտվության պետական տուրքն էականորեն կնվազի
Վանակատի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման թույլտվություն ստանալու համար պետական տուրքն այսուհետ կկազմի 100 հազար դրամ՝ 10 միլիոն դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:
Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության պատճառն այն է, որ տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայում չկան: Վերոնշյալ հարցի լուծման համար խոչընդոտ է հանդիսանում պետական տուրքի բարձր դրույքաչափը, ուստի գործադիրն առաջարկում է վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար տարեկան 100.000 դրամի չափով տուրք սահմանել: