Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 65.72-0.73 WTI - 62.12-0.64
COMEX:  GOLD - 3891.50+0.04 SILVER - 47.32+0.00
COMEX:  PLATINUM - 1597.50-0.77
LME:  ALUMINIUM - 2688.50+0.30 COPPER - 10379.00+1.08
LME:  NICKEL - 15184.00-0.33 TIN - 36013.00+1.70
LME:  LEAD - 2010.50+1.11 ZINC - 2987.50+0.93
FOREX:  USD/JPY - 147.12-0.55 EUR/GBP - 1.1733-0.07
FOREX:  EUR/USD - 1.1733-0.07 GBP/USD - 1.3472+0.22
STOCKS RUS:  RTSI - 1023.28-0.05
STOCKS US: DOW JONES - 46441.10+0.09 NASDAQ - 22755.16+0.42
STOCKS US: S&P 500 - 6711.20+0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 44550.85-0.85 TOPIX - 3094.74-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26855.56+0.00 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9446.43+1.03 CAC40 - 7966.95+0.90
STOCKS EUR:  DAX - 24113.62+0.98
01/10/2025  CBA:  USD - 382.74+0.22 GBP - 515.63+1.6
01/10/2025  CBA:  EURO - 448.8-0.58
01/10/2025  CBA:  GOLD - 47072+8 SILVER - 568.2-9.21
Հայկ Մնացականյան․ ՀՀ ֆինանսական համակարգը կարող է դիմակայել հնարավոր ցնցումներին
26/02/2016 20:41
Կիսվել

Հայկ Մնացականյան․ ՀՀ ֆինանսական համակարգը կարող է դիմակայել հնարավոր ցնցումներին

ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է հետխորհրդային տարիներին ստեղծել կայուն, վերահսկելի, զարգացած և միջազգային չափանիշներին համապատասխան բանկային համակարգ, որն ունակ է սպասարկել փոքր, միջին և խոշոր հաճախորդների բանկային գործառնությունները: Անդրադառնալով ՀՀ բանկային համակարգում խոշորացման գործընթացներին՝ նա վստահեցնում է, որ բանկերի միացման արդյունքում չի կարող առաջանալ գերիշխող դիրքի խնդիր, քանի որ համակարգը բավականին մրցակցային է և դիվերսիֆիկացված: Հայկ Մնացականյանը նաև նշում է, որ չնայած ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների նվազումը բացասաբար է ազդել մասնավոր սպառման և տրանսֆերտներ ստացողերի եկամուտների և վարկունակության վրա, ՀՀ ֆինհամակարգի ցուցանիշները վկայում են, որ այն շարունակում է մնալ իրացվելի,  կապիտալացված և կարող է դիմակայել հնարավոր ցնցումների։

– Պարո՛ն Մնացականյան, հետխորհրդային երկրներում, ո՞ր բանկային համակարգն է ամենակայացածը։

– Եթե նախկին ԽՍՀՄ-ում բանկային համակարգի զարգացումը կրում էր կենտրոնացված բնույթ, ապա դրա փլուզումից հետո անկախություն ձեռք բերած երկրների բանկային համակարգերի զարգացման միտումները և տեմպերը մոտ 25 տարվա գործունեության ընթացքում բավականին փոխվեցին: Ներկայումս նշված երկրներում բանկերի մի մասը դարձել են հզորագույն ֆինանսական հաստատություններ` դուրս գալով միջազգային շուկաներ,  միևնույն ժամանակ մնացել են նաև այնպիսինները, որոնք ընդամենը փորձում են բավարարել բանկային գործունեության ապահովման նվազագույն պահանջները:

Իրականում բազմազան է համակարգի զարգացման աստիճանը բնութագրող ցուցանիշների համախումբը: Համադրելով հետխորհրդային երկրների բանկային համակարգերի զարգացման բնութագրիչներից հետևյալը՝ բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը, կարելի է փաստել, որ 2015թ. դրությամբ  Ուկրաինայում այն կազմել է 80%,  Հայաստանում` 71.2%, Ռուսաստանում մոտ 69.9%, Վրաստանում` 53%, Բելառուսում և Ղազախստանում` համապատասխանաբար 56% և 49%: Ցուցանիշը մատնանշում է ՀՀ բանկային համակարգի զարգացման բարձր տեմպերի մասին:

Բանկային համակարգի կայացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշների բազմազանությունից  կցանկանայի կարևորել դրանցից ևս մեկը, այն է   բնակչության մեկ շնչի հաշվով բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ծավալը:  Համաձայն հայտնի վարկանշային կազմակերպության տվյալների Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ծավալը 2015թ. կազմել է 2500 ԱՄՆ դոլար, որը վկայում է զարգացած բանկային համակարգի գոյության մասին: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն կազմում է  մոտ 1750 դոլար, որի արդյունքում Վրաստանը համարվում է բանկային համակարգի զարգացման միջին մակարդակ ունեցող երկիր:

Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր երկրի ֆինանսական ծառայությունների մատուցման շրջանակները ածանցվում են տնտեսության զարգացման ներքին պահանջներից և միջազգային ինտեգրացիայի աստիճանից: Օբյեկտիվորեն պետք է նշել, որ չնայած դժվարությունների` ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է հետխորհրդային տարիների ընթացքում ստեղծել կայուն, վերահսկելի, զարգացած և միջազգային չափանիշներին համապատասխան բանկային համակարգ, որում ընդգրկված ֆինանսական հաստատություններն ունակ են սպասարկել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին հաճախորդների բանկային գործառնությունները:

– Այսօրվա տենդենցը դեպի խոշորացում, արդյո՞ք  ճգնաժամի, թե նոր մարտահրավերների հրամայական է

– Ներկայումս արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգում ապրանքների և ծառայությունների առևտրի, կապիտալի շարժի ազատականացումը հանգեցրել են միջազգային ֆինանսական շուկաների և ինստիտուտների գլոբալացման դրսևորումների խորացմանը: Աճող գլոբալացումը առաջ է բերել  ֆինանսական ինստիտուտների կայունության ապահովման նոր խնդիրներ: Եթե նախկինում տարբեր տարածաշրջանների միջև բացասական ազդակների փոխանցումը հիմնականում տեղի էր ունենում արտաքին առևտրի միջոցով, ներկայումս կապիտալի շարունակության աճը հանգեցրել է փոխանցման մեխանիզմների առաջնայնության փոփոխության` ներառելով արժութային, վարկային և, ընդհանուր առմամբ, ֆինանսական հատվածը:  

Հաշվի առնելով վերջին տարիների Համաշխարհային ֆինանսական զարգացումները` 2017թ. հունվարի 1-ից  ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ավելացումը 30 մլրդ դրամ՝ ներկայում պահանջվող 5 մլրդ դրամի փոխարեն, պայմանավորված է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա և ապագա կայուն գործունեության և դինամիկ զարգացման պահանջով, բանկային համակարգի ֆինանսական միջնորդության խորացմամբ, ավանդատուների ապահովվածության երաշխավորմամբ: Այն, ըստ էության, կստեղծի ֆինանսական համակարգի կողմից ապագա ռիսկերի կլանման բավարար հնարավորություն:  Կապիտալի մակարդակի բարձրացումը էապես կնպաստի նաև ՀՀ բանկերի միջազգային մրցունակության բարձրացմանը: Պետք է նշել, որ ներկայումս ՀՀ-ում գործող 21 բանկերից մոտ կեսի փաստացի ընդհանուր կապիտալը արդեն իսկ 20 մլրդ դրամին մոտիկ ցուցանիշ է:

Իհարկե, այս քաղաքականության արդյունքում որոշ առևտրային բանկեր կմիանան, քանի որ  փոքր կապիտալով բանկերը կարող են հանդիսանալ միջազգային շուկաների  բացասական ազդակների փոխանցման դիմակայման ամենաթույլ օղակները:  Բայց Հայաստանում այդ բանկերի միացման արդյունքում չի կարող առաջանալ գերիշխող դիրքի խնդիր, քանի որ համակարգը բավականին մրցակցային է և դիվերսիֆիկացված: Խոշոր բանկերից 5-ը միասին ներկայացնում են համակարգի ակտիվների մոտ 44 տոկոսը: Կապիտալի համալրման պահանջը երկարաժամկետ հատվածում ֆինանսական շուկայի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ նաև բանկերի կողմից մատուցվող ծառայությունների գնային քաղաքականության վերանայման և բանկերի կողմից տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ:

Գործընթացը, իհարկե, մարտահրավեր է, սակայն այս մարտահրավերը  ՀՀ ֆինանսական համակարգի երկարաժամկետ կայունության ապահովման,  ֆինանսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացման նոր հնարավորություն է:

– Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ՌԴ տնտեսությունում նկատելի անկում է գրանցվում: Սա անդրադառնում է նաև Հայաստան հասնող տրանսֆերտների վրա։ Որքանո՞վ է այս իրավիճակը սպառնում ներհայաստանյան ֆինանսական համակարգին։

– Ռուսաստանում նախորդ տարի գրանցված մոտ 4% տնտեսական անկումը պայմանավորված է ոչ միայն պատժամիջոցներով, այլև նավթի միջազգային գների կտրուկ անկմամբ, կապիտալի արտահոսքով, ինչպես նաև տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների բացակայությամբ:

Ընդհանուր առմամբ, ՌԴ տնտեսական անկման, ինչպես նաև ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված ՀՀ-ում 2015թ., ըստ վիճակագրական տվյալների,  ֆիզիկական անձանց բանկային համակարգով դրամական փոխանցումների զուտ դոլարային արժեքը կրճատվել է 35,8%-ով: Առիթ է եղել նաև նշելու, որ նվազումը հիմնականում արտացոլում է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու և եվրոյի փոխարժեքների արժեզրկման փաստը, մինչդեռ հենց ռուբլով և եվրոյով արտահայտված փոխանցումների ծավալները 2015թ-ին ավելացել են համապատասխանաբար՝ 6.8% և 5.1%, որոնք կազմում են ոչ առևտրային բնույթի փոխանցումների շուրջ 70%: Բացի դրանից ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման պայմաններում ոչ առևտրային փոխանցումների նվազումը դրամային արտահայտությամբ 2015թ-ին կազմել է շուրջ 20%, իսկ տարեվերջին` դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ շուրջ 3.3%-ով ավելին է եղել: Նշվածը վկայում է, որ ՀՀ արժութային շուկայում այս ուղով ձևավորվող արտարժույթի առաջարկն, ըստ էության, չի կրճատվել, որն էլ ունեցել է իր  դրական ազդեցությունը արժույթի փոխարժեքի համեմատաբար կայուն մակարդակի ապահովման վրա:

Իհարկե, պետք է նշել նաև, որ ընդհանուր տրանսֆերտների նվազումը բացասական ազդեցություն է ունեցել մասնավոր սպառման, ինչպես նաև տրանսֆերտներ ստացող ընտանիքների եկամուտների մակարդակի և վարկունակության վրա: Ստեղծված իրավիճակում բնական է, որ ՀՀ ֆինանսական հաստատությունները հիմնականում վերանայել են իրենց վարկավորման պայմանները` փորձելով նվազեցնել հնարավոր վնասները:

Չնայած առաջացած օբյեկտիվ դժվարությունների` ՀՀ ֆինանսական համակարգի ցուցանիշները վկայում են, որ այն շարունակում է մնալ բավականին իրացվելի, կապիտալացված և կարող է դիմակայել հնարավոր ցնցումների` հաշվի առնելով նաև կապիտալի ավելացման արդիական պահանջը:

– Պղնձի համաշխարհային գների նվազումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հանքարդյունաբերական ոլորտի վրա։

– Հանքարդյունաբերությունը էական կշիռ ունի ՀՀ արտահանման  կառուցվածքում: Ոլորտի զարգացման վրա ազդող կարևորագույն գործոններից մեկը մետաղների՝ այդ թվում, պղնձի միջազգային գների միտումներն են: Վերջին 4-5 տարիների ընթացքում դիտարկվում է պղնձի գների մոտ 36% նվազում, որի արդյունքում 2015թ. պղնձի միջին տարեկան գինը կազմել է մոտ 5500 ԱՄՆ դոլար՝ 1 տոննայի դիմաց: Միայն 2014 թ. համեմատ այն նվազել է ավելի քան 13%-ով: 

Չնայած գների նվազմանը՝ ՀՀ-ից պղնձի հանքաքարի արտահանման ֆիզիկական ծավալները աճել են: Վերջին 10 տարվա ընթացքում արձանագրված ամենազգալի աճը (67%)՝ արձանագրվել է 2015 թվականի ընթացքում, պայմանավորված Թեղուտի հանքավայրի շահագործման մեկնարկով: Այդուհանդերձ, գների մակարդակի զգալի նվազումը ազդել է արտահանումից ստացվող միջոցների ծավալների վրա:

Առաջիկա տարիների համար ևս տարբեր միջազգային կառույցներ կանխատեսում են մետաղների միջազգային գների նվազում՝ համաշխարհային ցածր տնտեսական աճի և համաշխարհային պահանջարկի նվազման տեմպերից ելնելով:

Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունների եկամուտների հիմնական մասը ստացվում է մետաղների արտահանումից, գների հետագա նվազումը հանգեցնելու է նաև հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահութաբերության և  իրացվելիության անկմանը: Արդյունքում, կարող են հետաձգվել ներդրումային ծրագրերի  իրականացումը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել հանքարդյունաբերական ոլորտի  աճի տեմպերի, զբաղվածության մակարդակի և տնտեսական այլ ցուցանիշների նվազմանը:

01/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.74
+0.22
Եվրո (EUR)
448.8
-0.58
Ռուբլի (RUR)
4.6795
+0.0395
Լարի (GEL)
140.69
+0.12
47072
+8
Արծաթ
568.2
-9.21