ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՃԵՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ամերիկյան բանկերի վերլուծաբանները, նպատակ ունենալով առավել ճշգրիտ կանխատեսել անհուսալի վարկերի ծավալների աճը, դիտարկում են երկրում գործազրկության դինամիկան: Վերլուծաբանները նշում են, որ գործազրկության աճով պայմանավորված աճում է նաև անվճարունակ վարկառուների թիվը: Այսպիսով, գործազրկության մակարդակի աճը ուղղակիորեն ազդում է բանկերի վարկային գործառնությունների եկամտաբերության վրա: Հիշեցնենք, որ ամերիկյան խոշորագույն 19 բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքների համաձայն մինչև 2010թ. բանկերն իրենց վարկային գործառնությունների անկայունությամբ պայմանավորված կկորցնեն մոտ 82,4 մլրդ դոլար: Սակայն որոշ վերլուծաբաններ համաձայն չեն այս տեսակետի հետ և գտնում են, որ բանկերն այդ նույն ժամանակահատվածում կկրեն ավելի մեծ կորուստներ, քանի որ սթրես-տեստերում դիտարկվել են արդեն անհուսալի դասակարգված վարկերով պայմանավորված կորուտները, միչնդեռ անհուսալի վարկերի ծավալը կարող է աճել` գործազրկության աճով պայմանավորված: Որոշ վերլուծաբանների կարծիքով բանկերի կրած վնասները մինչև 2010թ. կկազմի մոտ 168 մլրդ դոլար: Նշենք, որ կանխատեսվում է, որ գործազրկության մակարդակը մինչև 2010թ. կշարունակի աճել և կկազմի մոտ 10%: