Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի արտահանումը կրճատվել է 43%-ով
2016 թվականի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառության ծավալը 34,3 տոկոսով կրճատվել է` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայությանը:
Հաշվետու ժամանակաշրջանում տարեկան համեմատությամբ ներկրման ծավալը կրճատվել է 23,85 տոկոսով, արտահանմանը` 42,63 տոկոսով:
Զեկույցի համաձայն` Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառության մեջ 144 368,84 հազար դոլարի բացասական հաշվեմնացորդ է ձեւավորվել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտաքին առեւտրային շրջանառության դրական հաշվեմնացորդը կազմել էր 867 189,17 հազար դոլար:
Ադրբեջանական fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերլուծությանը, հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում 34,2 տոկոսով պակաս կապիտալ ներդրումներ են կատարվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ անցյալ տարվա առաջին 4 ամիսների համեմատ Ադրբեջանում արտարժույթի շուկան երեք անգամ փոքրացել է:
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) կանխատեսմամբ` 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:
Ըստ OPEC-ի` Ադրբեջանում այս տարվա մարտին օրական արտադրվել է 840 հազար բարել նավթ, որը հունվարի համեմատ, փոքր է 10 հազար բարելով, իսկ փետրվարի համեմատ` 20 հազար բարելով:
Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:
The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: