ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում վարկավորման աճի նախկին` շուրջ 60 տոկոս տեմպը նվազում է. 2008-ին այն կազմել է մոտ 20 տոկոս, իսկ այս տարվա համար կանխատեսված է ընդամենը 0-5 տոկոս: Այսօր հրավիրված ասուլիսին այս մասին տեղեկացրեց նը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ռաթնա Սահայը` վկայակոչելով ԱՄՀ վերջին կանխատեսումները: Նրա խոսքով` այդ գնահատումների համաձայն` տարածաշրջանի երկրների արժույթները շարունակում են մնալ ճնշման տակ, բացի այդ` ավելանում են այսպես կոչված «չաշխատող» վարկերը: Այդ իսկ պատճառով միջազգային այս կառույցը կարեւորում է արտաքին կայունության ապահովումը, մասնավորապես, ճկուն փոխարժեքի երաշխավորումը, ֆինանսական ոլորտի ռիսկերի վաղաժամ բացահայտումը եւ դրանց դիմակայումը, «չաշխատող» վարկերի ռիսկի հաղթահարումը, ինչպես նաեւ պետական պարտքի ճիշտ կառավարումը եւ չնախատեսված խոչընդոտներին արձագանքելու ծրագրերի կազմումը:
Ռ. Սահայի դիտարկմամբ` Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում որոշ չափով նվազել են համախառն միջազգային պահուստները, քանի որ այդ պահուստներից բավակականին մեծ միջոցներ են ուղղվել փոխարժեքը կայուն պահպանելուն:
Տարածաշրջանի երկրներն, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, մեծամասամբ ճիշտ քայլեր են իրականացրել. թույլատրել են փոխարժեքի արժեզրկում, մեղմվել է դրամավարկային քաղաքականությունը, վարկերի պակասի դեպքում տրամադրում են միջոցներ, վարկերի չմարման դեպքում ավելացվում են պահուստները, իսկ կենսունակ, սակայն կապիտալի խնդիր ունեցող բանկերին ֆինանսական ներարկումներ են արվում: Ռ. Սահայի խոսքով` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները պետք է հաշվի առնեն նաեւ արտաքնածին ռիսկերը: