ԼԱՍ-ՎԵԳԱՍԸ ՍՆՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է
Լաս-Վեգաս քաղաքում գործող խաղատների մի մասն արդեն սննկացել է, իսկ մյուս մասն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, և անգամ MGM-Mirage ընկերությունը, որին պատկանում է Լաս-Վեգասում գործող ավելի քան 10 խաղատուն, հայտնվել է սննկացման եզրին: Ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը, ընկերության սննկացումից խուսափելու համար, մինչև այս տարվա հունիսի 30-ը պետք է ներկայացնի ֆինանսական նախագիծ, որը ցույց կտա, որ ընկերության ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս շարունակել City Center խաղատան շինարարությունը: Նշենք, որ նոր խաղատան շինարարության ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 8.5 մլրդ դոլար: Ներկա դրությամբ MGM ընկերության պարտավորությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 14.4 մլրդ դոլարը, և ընկերությունն իր պարտքերի մի մասի մարման նպատակով 775 մլն դոլարով վաճառել է Treasure Island խաղատունը:
Նշենք, որ 2009թ. առաջին եռամսյակի տվյալներով MGM ընկերության հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 19%-ով և կազմել 1.5 մլրդ դոլար, իսկ շահույթը նույն ժամանակահատվածում կրճատվել է 20%-ով: