Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Արեն Պետունց. Հայերի ունեզրկման գործընթացը 1915-1923թթ
10/08/2017 18:06
Կիսվել

Արեն Պետունց. Հայերի ունեզրկման գործընթացը 1915-1923թթ

Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության մեջ Հայկական հարցը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթություններից մեկը: Նման պայմաններում շատ կարևոր է ուսումնասիրել պատմությունը, ինչպես նաև ակտիվորեն հետևել այժմյան Թուրքիայի հանրապետության վարած քաղաքականությանը: Հարկավոր է լավ սերտել պատմության դասերը և Հայկական հարցի լուծման գործընթացը կառուցել ձեռք բերված փորձի և գիտելիքների հիման վրա: Հայկական հարցի լուծման համատեքստում շատ կարևոր է հայ ժողովրդին թուրքերի կողմից հասցված նյութական վնասի փոխհատուցումը, ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել հարցի այս կողմին ևս: Հոդվածիս նպատակն է փաստերի հիման վրա կառուցել 1915-1923 թվականներին թուրքերի կողմից հայերի ունեզրկման գործընթացի առարկայական պատկերը: Մեծ եղեռնի հարյուրամյակի համատեքստում 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ունեզրկման գործընթացի ուսումնասիրությունը ունի ոչ միայն գիտաճանաչողական, այլև արդիական-քաղաքական կարևոր նշանակություն: Պատմական այս փուլում կարևոր է Հայոց պահանջատիրության նյութական և ֆինանսական կողմի ամփոփումն ու ամբողջացումը: Նման ողբերգական անցյալի պարագայում, որը կապում է հայ և թուրք ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների քաղաքակիրթ եղանակով հանգուցալուծումը ենթադրում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, հայերին պատճառած բարոյական վնասի փոխհատուցում, հայերի ունեցվածքի վերադարձ զոհերի ժառանգներին: Այս երեք կետերը անբաժանելի և խիստ փոխկապակցված են և թեկուզ սրանցից մեկի բացակայության կամ թերի բավարարման պարագայում հարցի լուծումը չի կարող լինել ամբողջական և վերջնական:

Պատմական անհերքելի ճշմարտություն է, որ թուրքերի կողմից ծրագրված և իրականացված հայասպանության քաղաքականության մեջ, ի թիվս այլ գործոնների (պետական քաղաքականություն, կրոնական ատելություն) մեծ ազդակ էր հանդիսանում տնտեսական գործոնը՝ հայերի հարստությանը տիրելու թուրքական ձգտումը: Հպատակ քրիստոնյա ժողովուրդներին կողոպտելը բնորոշ էր օսմանյան հասարակությանը առհասարակ, և այս հանգամանքը նպաստել է հայերի կոտորածների սանձազերծմանը: Երիտթուրքական կուսակցության պարագլուխները իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի ունեզրկումը կազմակերպելուն ուղղված քայլերն ու եղանակները: Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունը սնանկության էր մատնված և կքած էր արտաքին ահռելի պարտքի տակ: Առաջին աշխարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրության արտաքին պարտքը հասնում էր 64 միլիոն Ֆունտ սթեռլինգի, իսկ պատերազմի մեջ մտնելուց հետո դրան գումարվեցին նաև պատերազմական մեծագումար ծախսերը:1 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմներից հետո այս ամենին գումարվել էր նաև թուրք գաղթականների բնակեցման հարցը: Տեղահանված հայերի տները թուրք վտարանդիներին հանձնելը համարվում էր հարցի լուծում: Օսմանյան վերնախավը որոշեց տիրանալ հայ ժողովրդի ունեցվածքին և ի հաշիվ դրա վճարել արտաքին պարտքը, հոգալ պատերազմական ծախսերը և օթևան տալ թուրք գաղթականությանը: Այսպիսով հայ ազգաբնակչությանը գոյության միջոցներից նպատակաուղղված զրկելու խնդրով սկսեց զբաղվել թուրքական պետությունը: Այս գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ էր հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ: 1915 թվականի հունիսի 1-ին Երիտթուրքական իշխանությունները հրապարակեցին կառավարության կողմից 1915 թվականի մայիսին 30-ին հաստատված «Տեղահանությնան օրենքը»: «Տեղահանության օրենքի» հրապարակումից հետո, հունիսի 10-ին հրապարակվեց «Այլ վայրեր տեղափոխված հայերին պատկանող անշարժ գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» կանոնադրությունը, ինչը ցուցումներ էր պարունակում «պատերազմի և քաղաքական արտակարգ պայմանների հետևանքով տեղահանված հայերի անշարժ և շարժական գույքի» հետ վարվելու վերաբերյալ:

«Տեղահանության» ժամանակավոր օրենքը չնայած կառավարության կողմից հաստատվելուն, պառլամենտի կողմից չէր ընդունվել, ինչը սահմանադրության 36-րդ հոդվածի խախտում էր: Ըստ թուրքական պաշտոնական պատմագրության վարկածի խորհրդարանը համաձայնել է միայն 1915 թվականի սեպտեմբերի 15-ին:2 1915 թվականի սեպտեմբերի 26-ին իշխանությունները ընդունեցին «լուծարման» կամ «Լքյալ գույքերի մասին» 11 հոդվածից կազմված օրենքը, որի նպատակն էր իրավական հիմք տալ մինչ այդ պահը տեղահանված հայերի՝ հեռագրերի, հրամանագրերի միջոցով կազմակերպված գույքի կողոպուտի գործողություններին:3 Այսինքն հայերի գույքերի կողոպուտից, վաճառքից և բաժանումից հետո էր միայն օրենքով սահմանվում և հեռագրերով քաղաքներին ու գյուղերին հրահանգվում կատարել հայերի լքյալ գույքերի ցուցակագրումը և դրանց ապահովության կազմակերպումը: Հարկ է նշել, որ այս օրենքը նույնպես կիրարկվեց սահմանադրության 36-րդ հոդվածի խախտմամբ՝ առանց խորհրդարանի քննարկման: 1915 թվականի սեպտեմբերի 15-ի օրենքի 8-րդ հոդվածի և 1915 թվականի հոկտեմբերի 26-ին իշխանությունների կողմից ընդունված կանոնադրությամբ նախատեսվում էր ստեղծել լուծարման կամ լքյալ գույքերի հանձնաժողովներ՝ իրենց հանձնախմբերով, որոնք պետք է զբաղվեին այլ վայրեր տեղափոխված անձանց լքյալ գույքերի, պարտքերի և պահանջների օտարմամբ: «Լքյալ գույքերի մասին» օրենքի և կանոնադրության առաջնային նպատակն էր զսպել զանգվածային թալանը և լցնել պետական գանձարանը, պետական պաշտոնյաների միջոցով ցուցակագրել և վերջնականապես յուրացնել հայերի ունեցվածքը՝ տները, հողերը, շենքերը, արտերը, դպրոցները, վարժարանները, եկեղեցիներն ու վանքերը: Այս օրենքին ու կանոնադրությանը հաջորդեցին կառավարության կողմից առաքված բազմաթիվ հեռագրեր, հրահանգներ, կարգադրություններ, շրջաբերականներ, որոնց կատարումը սկսվել էր դեռ պատերազմի նախօրյակին: Դրանցով կենտրոնական իշխանությունները տեղական իշխանություններին հրահանգում էին թույլ չտալ հայերին գույքերի վաճառքը, տեղահանվողներին իրավունք էր տրվել իրենց հետ վերցնել միայն մեկ կամ մի քանի օրվա սնունդ և վերջ: Հատկապես մեծ հսկողություն էր սահմանվել թանկարժեք իրերի և զարդերի վրա, որոնց տանելը խստիվ արգելված էր: Այսպիսով, հայերի կոտորածները ուղեկցվեցին անշարժ և շարժական գույքի կողոպուտով, անհատական և հավաքական ունեցվածքի յուրացմամբ, ինչը ծրագրված էր պետության կողմից: Հարուստ կողոպուտի հեռանկարը համախոհների մեծ բանակ և ժողովրդական լայն զանգվածների համախմբեց Երիտթուրքական իշխանությունների շուրջ: Ըստ գերմանացի պետական և քաղաքական գործիչ Շտրեզմանի՝ 1916 թվականի հունվարի 26-ին կայացած հանդիպման ժամանակ Օս. Կայսրության ռազմական նախարար Էնվերը իրեն հայտնել է, որ արդեն մեկ ու կես միլիոն հայեր սպանված են, որից մոտ մեկ միլիոնի ունեցվածքը բռնագրավված է: Առաջին աշխարհամարտից հետո՝ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում Թուրքիայի՝ որպես պարտություն կրած կողմ և Դաշնակից պետությունների միջև կնքվեց զինադադարի պայմանագիր: Ըստ Մուդրոսի զինադադարի առանձին կետերի՝ ազգային փոքրամասնություններին, որոնք պատերազմի շրջանում տեղահանվել էին կայսրության տարբեր շրջաններ, իրավունք էր տրվում վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:4 Օսմանյան խորհրդարանի 1918 թվականի նոյեմբերի 4-ի նիստը «Լքյալ գույքերի մասին» օրենքը չճանաչեց սահմանադրությունից դուրս և իրավական առումով անվավեր: Դրա հետ մեկտեղ կառավարության նոյեմբերի 1-ի հրամանագրով նախատեսվում էր հայերից բռնագրավված հողերի և գույքերի վերադարձը իրենց օրինական տերերին նրանց վերադարձի և պահանջ ներկայացնելու դեպքում: Հակառակ այս հրամանագրի թուրքական իշխանությունների կողմից ընդունվում էին հավելյալ օրենքներ և կարգադրություններ, որոնց կիրարկումը անհնար էր դարձնում հայերի ունեցվածքի ետ վերադարձումը: Օրինակ՝ ներքին գործոց նախարարությունը Թալեաթ փաշայի գլխավորությամբ վերոհիշյալ հրամանագրին կցել էր մի կարգադրություն, ըստ որի, տարագիրներին իրենց ունեցվածքը և կալվածքները անմիջապես կարող էին վերադարձվել, եթե նրանք անձնապես ներկայանային, իսկ այն դեպքերում, երբ տերը սպանված էր կամ մահացած կալվածքները և ունեցվածքը չէր կարող վերադարձվել նրա ո՛չ մերձավոր, ո՛չ հեռավոր ազգականներին: Վերոնշյալ կարգադրությանը հաջորդած Ներքին գործերի նախարարության մեկ այլ կարգադրության համաձայն էլ մահացածների ժառանգները, իրենց ազգականի մահվան մասին վկայական ներկայացնելով, կարող էին ստանալ իրենց ժառանգությունը: Իշխանությունները քաջ գիտակցում էին, որ հայերը չեն կարող ձեռք բերել տարագրության ճանապարհին մահացած իրենց հարազատների մահվան վկայականները և տեր դառնալ իրենց ունեցվածքին: Այսպես, այս կանոնանդրությունները երկրով մեկ սահմանափակում էին հայերի ժառանգական իրավունքները:

Արևմտյան Հայաստանի և կայսրության տարբեր շրջանների հայ ազգաբնակչության մեծ մասն այս շրջանում արդեն բնաջնջված էր, իսկ տարագրությունից վերադարձած սակավաթիվ խմբերը վախենում էին հանդես գալ իրենց ունեցվածքի վերադարձման պահանջով, մտածելով, որ դա կարող է գրգռիչ ազդեցություն ունենալ, և իրենք ավելի մեծ վնաս կրեն: Հակառակ հայերի բռնագրավված գույքը վերադարձնելու և հատուցման հարցը լուծելու թուրքական իշխանությունների խոստումների՝ շարունակվում էին զինադադարից հետո իրենց տները վերադարձող հայերի հալածանքները, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը և կողոպուտը: 1919 թվականի օգոստոսին թուրքական «Վաքըթ» թերթի գլխավոր խմբագրի հետ զրույցի ժամանակ Կ. Պոլսո Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը տեղեկացրել է, որ հայ տարագիրների կալվածքները և գույքերը շարունակվում են բռնագրավվել ու վաճառվել, և հայերը չեն կարողանում ետ ստանալ իրենց ունեցվածքը: Կառավարությունը ստեղծել էր հատուկ հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին հայերի ունեցվածքի վաճառքով, որն իրականացվում էր ամենացածր գներով, ինչը սովորաբար լինում է տիրոջ բնական մահից հետո, բայց այն տարբերությամբ սոսկ, որ ստացված գումարները հանձնվում էին ոչ թե մահացածի ժառանգներին, այլ մուտք էին արվում թուրքական կառավարության գանձանակ:6 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որն անօրինական ճանաչեց 1915 թվականին օսմանյան կառավարության կողմից ընդունված «Լքյալ գույքերի մասին» օրենքը: Սևրի հաշտության պայմանագրի 114-րդ հոդվածը վերաբերում էր հայերի լքյալ գույքերին:7 Դաշնակից պետությունների ճնշման տակ Թուրքիայի սուլթանական կառավարությունը 1920 թվականի հունվարի 8-ի որոշմամբ անվավեր համարեց «Լքյալ գույքերի մասին» օրենքի գործադրությունը և ընդունեց որոշումներ, ըստ որոնց 1915 թվականի սեպտեմբերի 26-ի օրենքով և 1915 թվականի նոյեմբերի 8-ի կանոնադրությամբ պետք էր տեղահանված անձանց պետական գանձարանի և վաքըֆների անուններով արձանագրված գույքերը, նախ, անմիջապես վերադարձնել սեփականատերերին, ապա նրանց անուններով արձանագրություն կատարել, ուղևորության պաշտոնագրով և անցագրերով մեկնողների գույքերը լքյալ չհամարել, ժառանգորդ չունեցողների և մահացացների գույքերի արժեքը հանձնել համայնքի կրոնապետերին՝ որբերին և աղքատներին բաժանելու համար: Այս որոշման շատ հոդվածներում նշվում էր, որ տեղահանվածների գույքերը ապասեփականացված են:8 Սույն որոշման հիման վրա ֆինանսների նախարարության լքյալ գույքերի հանձնաժողովի տնօրեն Շեքիպ բեյի գլխավորությամբ կազմվեց նոր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր հայերի կրած վնասի հատուցման հարցերով: Գավառներում գործող լքյալ գույքի հանձնաժողովներին հանձնարարված էր մանրամասն քննել հայերի ներկայացրած յուրաքանչյուր դիմում, որից հետո դրանք ևս մեկ անգամ պետք է քննվեին Պոլսում ստեղծված հանձնաժողովի կողմից, և հայերին հատուցում տրվեր: Չնայած այս որոշմանը և դաշնակից պետությունների ճնշումներին, թուրքական իշխանությունները շարունակում էին քայլեր ձեռնարկել՝ խափանելու հայերի ունեցվածքի վերադարձը: Համաձայն կառավարության 1920 թվականի հունվարի 8-ի որոշման, այն գույքերը, որոնք հայերից բռնագրավվելուց հետո օգտագործվել էին հասարակական նպատակների համար, ետ չէին վերադարձվելու: Այսպիսով, համաձայն սույն որոշման, հայերին պատկանող հսկայական թվով շենքեր չվերադարձվեցին իրենց տերերին: 1919 թվականին սկսեց զինվորական գործիչ Մուստաֆա Քեմալի վերելքը, որն ավելի ուշ պատմություն մտավ «Աթաթյուրք» («թուրքերի հայր») անվամբ: Քեմալը Անկարայում ձևավորեց նոր կառավարություն, որն էլ 1920 թվականի ապրիլին նրան ընտրեց նախագահ: Այսպիսով ստեղծվեց 2 կառավարություն, մեկը` Կ. Պոլսում դաշնակից պետությունների հսկողության տակ, մյուսը՝ ազգայնական, որը համախմբված էր Մուստաֆա Քեմալի շուրջ:

Քեմալականները, ընդհանուր առմամբ, շարունակեցին սուլթանական կառավարության հայաջինջ և հայահալած քաղաքականությունը: Նրանք նույնպես սկսեցին խանգարել պատերզամից հետո հայրենիք վերադառնալ և իրենց ունեցվածքին տեր կանգնել ցանկացող հայերին: 1920 թվականի ապրիլի 23-ին իր աշխատանքները սկսեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որի կողմից ընդունված առաջին փաստաթղթերի շարքում էր Թուրքիայի տարածքում հայերի տեղաշարժը և նրանց հայրենիք վերադարձն արգելելու որոշումը: Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված 1921 թվականի օգոստոսի 8-ի որոշման 6-րդ կետով երկրից հեռացածների պետական գանձանակին փոխանցած գույքերը բռնագրավվեց, և այդ գույքերի վաճառքից գոյացած գումարը օգտագործվեց բանակի կարիքների և զինվորականների ու պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու նպատակով: Քեմալական ազգայնամոլական շարժումն իր ծրագիրը մշակել և հաստատել էր Կարինի և Սեբաստիայի համաժողովներում: Համաժողովներում քեմալականները այնպես էին ներկայացնում իրավիճակը, իբր կայսրության քրիստոնյաները , (այդ թվում հայերը), նրանց ունեցվածքը, պատիվն ու կյանքը այդ պահին գտնվում էր կատարյալ անվտանգության մեջ, համաձայն իսլամական կրոնի հիմունքների և ավանդույթների:9 Այսպիսի պնդումը կեղծ էր և անհիմն, քանի որ Քեմալական կոչված ազգայնամոլական շարժման շրջանում Թուրքիայի ողջ տարածքում շարունակվում էր արևմտահայության բեկորների հալածանքի, ոչնչացման, նրանց ունեցվածքի կողոպուտի քաղաքականությունը: Երիտթուրքերի գործելակերպն ամբողջությամբ փոխանցվել էր քեմալականներին: Հայերի տների խուզարկությունները նրանց ունեցվածքի բռնագրավումը, վաճառքն ու կողոպուտը սովորական երևույթ էին: Դրա վառ ապացույցն է այն, որ 1922 թվականի սեպտեմբերի առաջին օրերին Մուրանիայից 4 շոգենավով Կ. Պոլիս հասած հայ գաղթականները ենթարկվեցին ոստիկանների կողմից արվող խուզարկության և ձերբակալության: Հայ գաղթականների գույքը խուզարկվում էր, որպես կողոպտված և բռնագրավվում: Ոստիկաններին հանձնարարված էր հայ ունևորներին որպես ջարդարարներ ձերբակալել: Ձերբակալվածներին ազատելու և Կ. Պոլիս գաղթականների մուտքի արտոնագրեր ստանալու համար Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունը դիմեց տարբեր ատյանների, սակայն՝ ապարդյուն: Բացի պետության կողմից իրականացվող հալածանքներից և կողոպուտից, հայերի նկատմամբ հալածանքներ և կողոպուտ էին իրականացնում նաև զինված ավազակախմբերը, որոնց թիվն անընդհատ ավելանում էր: Գոյություն ունեին նաև կողոպուտի պաշտոնական ձևեր՝ հարկերի և տուրքերի տեսքով: Կառավարությունը հայերից տուրք էր պահանջում և դա այն պարագայում, երբ հայերը գտնվում էին թշվառ վիճակում և հազիվ էին հոգում օրվա հացը:

Այն տարագիրները, ովքեր վերադառնալով ավերակ էին գտել իրենց տները, ստիպված տեղավորվել էին իրենց չվերադարձած հայրենակիցների տներում: Իշխանությունները հայերի կրած վնասի փոխհատուցման փոխարեն, ստիպում էին վարձ վճարել այդ տներում բնակվելու համար: Քեմալական կառավարությունը գավառներում, մասնավորապես հայերից և հույներից, սկսել էին պատերազմական շահատուրք անունը կրող 10-ից մինչև 2000-3000 ոսկուն համարժեք գումար գանձել: Այս տուրքը պահանջվում էր ամենայն խստությամբ:10

Գավառային իշխանությունները այն հայերից, որոնք վերադարձել էին իրենց տները սկսել էին գանձել տասանորդի տուրքը: Նրանք ամեն ջանք գործադրում էին՝ հայկական գավառներում տեղավորելու թուրք վերաբնակներին, կազմակերպելու նրանց պարենավորումն ու ամեն կարգի խնամքը և հայերից գանձած տասանորդի հարկից գոյացած գումարները տրամադրելու նրանց:

Մի խոսքով, իշխանությունները, ստեղծելով ծանր պայմաններ հայերի համար, մղում էին նրանց տեղահանվելու, հեռանալու երկրից: Արդեն 1922 թվականի սեպտեմբերի 14-ին քեմալականները հայտնեցին, որ իրենք չեն ընդունում սուլթանական կառավարության կողմից ժամանակավոր օրենքի անվավերության մասին փաստաթուղթը, իսկ Լոզանի համաձայնագիրը կնքելուց անմիջապես առաջ՝ 1923 թվականի ապրիլի 15-ին, Թուրքիայում օրենք ընդունվեց «Լքյալ ունեցվածքի» մասին, որով հայերի ամբողջ ունեցվածքը բռնագրավվում էր, անկախ նրանից, թե ինչ մոտիվներով ու ինչ հանգամանքներում էին նրանք թողել երկիրը:11 Ազգային փոքրամասնությունների մասին Լոզանի համաձայնագրի դրույթների կիրառումը թույլ չտալու և նույն պայմանագրի հոդվածների հիման վրա Ազգերի լիգայի միջամտության հնարավորությունը բացառելու նպատակով՝ Թուրքիայի քեմալական կառավարությունը վճռեց փախստական հայերին զրկել թուրքական քաղաքացիությունից:12 1923 թվականի սեպտեմբերին՝ Լոզանի պայմանագրի վավերացումից հետո, Թուրքիայում օրենք ընդունվեց, որով վերադառնալու իրավունքից զրկվում էին Կիլիկիայից և արևելյան վիլայեթներից «տարագրված» հայերը: Լքյալ գույքերի հանձնաժողովները տևական ժամանակ դիմումներ էին ստանում այն անձանցից, ովքեր 1922 թվականի նոյեմբերի 4-ից առաջ, առանց կառավարությանը տեղյակ պահելու, մեկնել էին երկրից: Հանձնաժողովը, կասկածի տակ դնելով դիմողների սեփականության իրավունքները և քննության ենթարկելով երկրից երկար բացակայելու ու հանկարծակի հայտնվելու պատճառները, տեղեկացնում է, որ 1922 թվականի նոյեմբերի 4-ից հետո առանց թուրքական անձնագրի մտնողների ինչքերը կբռնագրավվեն: 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Թուրքիայի հանրապետության հռչակումից 4 ամիս անց՝ 1924 թվականի մարտի 13-ին, պետականացվեց «Լքյալ գույքերի մասին» օրենքով քրիստոնյաների բռնագրավված կալվածքները, որոնք արդեն իսկ հափշտակված էին, շնորհվեցին մահմեդական բնակչությանը՝ որպես հատուցում քրիստոնյաների կողմից նրանց «պատճառված չարչարանքների» դիմաց: Անկարայի Ազգային մեծ ժողովը 1922 թվականից սկսած մինչև 1926 թվականը ընդունել է «Լքյալ գույքերի մասին» 9 օրենք: Ամեն անգամ, փոփոխություն կատարելով նախորդ օրենքում, Թուրքիայի օրենսդիր մարմինը ձգտում էր երկրում առկա իրավիճակին համապատասխանորեն «օրինականորեն» շարունակել հայ ժողովրդի ունեզրկման գործընթացը:13 Հայերից բռնագրավված գույքերից քեմալական իշխանությունները բաժանել են երիտթուրքերի կուսակցության այն ղեկավարների ընտանիքներին, ովքեր նույն՝ քեմալական կառավարության օրոք՝ 1919 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Ռազմական արտակարգ ատյանների կողմից ճանաչվել էին որպես Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր: 1926 թվականի մայիսի 31-ին հրապարակված 882 օրենքով երիտթուրքական պարագլուխներ Թալեաթի, Ջեմալի, Բեհաեդդին Շաքիրի և երիտթուրքական այլ 12 պարագլուխների ընտանիքներին 20 հազար լիրա արժողութայան հայկական գույք է ընծայվել:

Հայերից բռնագրավված գումարներից Մուստաֆա Քեմալը Հայոց ցեղասպանության մեղավորների ընտանիքներին նաև թոշակ է նշանակել և նրանց հատկացրել հայերից մնացած տները: 1919-1922 թվականներին քեմալականների հաղթանակը Թուրքիայում աշխարհացրիվ արեց 1915 թվականի ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի բեկորներին իրենց բնակավայրերից: 1915 թվականի եղեռնը վերապրած հարյուրհազարավոր հայեր վերադարձել էին իրենց նախկին բնակավայրերը: Այդ հայերից մեծ մասը 1922 թվականի վերջին քեմալականների հալածանքներից մազապուրծ, կողոպտված և ունեզրկված, վերջնականապես լքեց պապենական օջախները և արտագաղթեց Խորհրդային Հայաստան, Հյուսիսային Կովկաս, Պարսկաստան, Սիրիա, Լիբանան, Բալկաններ, Ամերիկա և այլն: Քեմալականները հայերի սպանդ, հալածանքներ և կողոպուտ իրականացրեցին ոչ միայն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության տարբեր շրջաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետության դեմ վարած պատերազմում: 1919 թվականին Հայկական ազգային պատվիրակության նախաձեռնությամբ՝ օտարերկրյա մասնագետներից հատուկ հանձնաժողով կազմվեց՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հետևանքով հայերին հասցված նյութական վնասի գնահատման համար:14

Հանձնաժողովը եկավ այն միաձայն եզրակացությանը, որ հայերից զավթված արժեքները 3 միլիարդ 750 միլիոն դոլար արժողություն ունեն: Այս թիվն ընդունեց նաև ամերիկյան կոնգրեսի հանձնաժողովը՝ Ջեյմս Ջերարդի գլխավորությամբ: Բնաջնջելով, բռնի տեղահանելով Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարբեր վայրերում ապրող հայերին՝ երիտթուրքական և քեմալական իշխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին նաև իրենց հզոր մրցակցին՝ հայ ազգաբնակչությանը: Հայերի ունեցվածքի, հարստության հաշվին, անհատական և հավաքական անշարժ և շարժական գույքերի յուրացմամբ թուրքերն ստեղծեցին ազգային բուրժուազիա: Հայերի տնտեսության ոչնչացումը դարձավ թուրքական տնտեսության զարգացման հիմքը: Եվ վեջապես, թուրքական ազգայնամոլական շարժումը, որի արդյունքում 1923 թվականի հոկտեմբերի 29-ին ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, նույնպես հայկական ունեցվածքի հաշվին էր: Այս առումով տեղին է հիշել թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետևյալ բնութագրումը. «Հանրապետական Թուրքիան 1915-ի վրա է հիմնված»: Ժամանակակից Թուրքիայի հանրապետությունը նույնիսկ 100 տարի անց ժխտում է, որ կատարել է մարդկության ամենածանր հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը:

Վերջաբան

Ամփոփելով՝ հարկավոր է փաստել. Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կոտորելով, ունեզրկելով մի ողջ ժողովրդի, տիրելով դարերի տքնությամբ ու քրտինքով ստեղծած ունեցվածքին՝ թուրքական իշխանությունները կարողացան լուծել պետությանը և թուրքերի ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ հարցեր: Ունեզրկելով հայերին՝ ունեցվածքը թուրքերը կարողացան լցնել պետական դատարկ գանձարանը, հոգալ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում առաջացած պատերազմական մեծագումար ծախսերը, ինչպես նաև վճարել արտաքին պարտքի զգալի մասը, որը պատերազմի նախօրյակին կազմում էր 64 միլիոն ֆունտ սթեռլինք: Նաև այս հարցերի լուծմանն էր միտված երիտթուրքական պարագլուխների կողմից ծրագրված հայասպանության քաղաքականությունը:

 Քեմալական իշխանությունները շարունակեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված հայաջինջ քաղաքականությունը. հայ ժողովրդին կոտորելով և ունեզրկելով ստեղծեցին մի երկիր, որը մեզ հայտնի է որպես ժամանակակից Թուրքիայի Հանրապետություն:

Թուրքիայի Հանրապետությունը իր գոյության ողջ ընթացքում ոչ միայն չճանաչեց իր նախնիների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, այլև մինչ օրս չի խնայում ոչ մի միջոց Հայոց ցեղասխանության միջազգային ճանաչման հարցը փակելու ուղղությամբ: Հայոց ցեղասպանության ճանաչման, քաղաքական և նյութական պատասխանատվության հարցը փորձել է փակել ոչ միայն Թուրքիան: Այս հարցի շուրջ գործնական քայլեր են ձեռնարկել և շարունակում են ձեռնարկել որոշ եվրոպական երկրներ ևս, որոնք մեղավոր են Հայոց ցեղասպանության թողտվության (Անտանտի երկրներ) և նույնիսկ մասնակցության (Գերմանիա) մեջ:

Ցեղասպանության ժամանակ հայերից կողոպտված հարստությունը, որը պահվում է ֆինանսների նախարարությունում բազմիցս օգնել է Թուրքիայի Հանրպետությանը դուրս գալ տնտեսական դժվարին իրավիճակներից: Թուրքիայի Հանրապետությունը ցեղասպանության ճանաչումից բացի նյութական պատասխանատվություն պետք է կրի, քանի որ հռչակվել և որպես պետություն կայացել է ի հաշիվ հայերի հարյուրամյակներով ստեղծած հարստության կողոպուտի:

ՊԵՏՈՒՆՑ ԱՐԵՆ

Երևանի Պետական Համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա առաջին կուրս

Գիտական ղեկավար՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան բ.գ.թ.դոցենտ Ռ.Մելքոնյան

Էլ փոստ՝ arenpetunc22@gmail.com

———————–

1 Անահիտ Աստոյան. Դարի Կողոպուտը. «Հայերի Ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ.»  Երևան 2013 էջ 394-396

2 Լևոն Վարդան. «Հայկական Տասնհինգը և հայերու լքյալ գույքերը» Բեյրութ 1970 էջ 45-48

3 «Emval-i Metruke Olayı Osmanlı’da ve Cumhuriyette Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi Nevzat Onaran» Թուրքիա 2010 http://www.insanokur.org/emval-i-metruke-olayi-osmanlida-ve-cumhuriyette-ermeni-ve-rum-mallarinin-turklestirilmesi-nevzat-onaran/ (հասանելի է առ 15.09.2016):

4 Լևոն Վարդան. «Հայկական Տասնհինգը և հայերու լքյալ գույքերը» 1970 Բեյրութ, էջ 78-81:

5 Անահիտ Աստոյան. Դարի Կողոպուտը. «Հայերի Ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ.»  Երևան 2013 էջ 402-404

6 Անահիտ Աստոյան. Դարի Կողոպուտը. «Հայերի Ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ.»  Երևան 2013, էջ 406-409:

7 «Յուրի Բարսեղով. Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը» 1999 Երևան, էջ 33-35:

8 «Emval-i Metruke Olayı Osmanlı’da ve Cumhuriyette Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi Nevzat Onaran» Թուրքիա 2010 http://www.insanokur.org/emval-i-metruke-olayi-osmanlida-ve-cumhuriyette-ermeni-ve-rum-mallarinin-turklestirilmesi-nevzat-onaran/(հասանելի է առ 15.09.2016):

9 Անահիտ Աստոյան. Դարի Կողոպուտը. «Հայերի Ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ.»  Երևան 2013, էջ 406-409:

10 Լևոն Վարդան. «Հայկական Տասնհինգը և հայերու լքյալ գույքերը» 1970 Բեյրութ, էջ 59-62:

11 Անահիտ Աստոյան. Դարի Կողոպուտը. «Հայերի Ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ.»  Երևան 2013, էջ 413:

12 «Յուրի Բարսեղով. Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը» 1999 Երևան,էջ  34-38:

13 Լևոն Վարդան. «Հայկական Տասնհինգը և հայերու լքյալ գույքերը» 1970 Բեյրութ էջ, 80-83  Անահիտ Աստոյան. Դարի Կողոպուտը. «Հայերի Ունեզրկումը Օսմանյան Կայսրությունում 1914-1923 թթ.»  Երևան 2013 էջ 414-415։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85