
ԱՄՆ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՏԱՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՃԻ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Տնտեսական Հետազոտությունների Ամերիկյան Ինստիտուտի (American Institute for Economic Research – AIER) հրապարակած տվյալների համաձայն անհատների կողմից ԱՄՆ բյուջե մուծված եկամտահարկի հարկային մուտքերի ծավալն այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 34%-ով կամ 138 մլրդ դոլարով: AIER գլխավոր վերլուծաբան Կերի Լինչի (Kerry Lynch) հայտարարության համաձայն ԱՄՆ-ում 12 ամիսների ընթացքում իրենց աշխատանքը կորցրել են ավելի քան 6 մլն քաղաքացիներ, ինչը հանգեցրել է ապրիլ ամսվա ընթացքում եկամտահարկի գծով մուտքերի 44% կրճատման: AIER վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, ֆինանսական ճգնաժամի պայմաններում հարկային մուտքերի կրճատմամբ պայմանավորված, ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը շարունակաբար կաճի և այն 10 տարիների ընթացքում կարող է կրկնապատվել: