Սուրեն Կարայանը և Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` քննարկելու հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները: Նախարարը և դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ-իրանական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված արդյունքներին և ձեռնարկված քայլերին, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները։
Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ երկու երկրների կողմից մուտքի արտոնագրի վերացումը նպաստում է ոչ միայն զբոսաշրջության աճին, այլև տնտեսվարողների գործնական այցելություններին՝ խթանելով բիզնես կապերը։ Ըստ դեսպանի՝ նպաստավոր գործոն է նաև Հայաստան մուտք գործող մարդատար մեքենաների համար տուրքի վերացումը։
Նախարար Կարայանը և դեսպան Սաջադին քննարկել են Հայաստանում իրանական բիզնեսի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Մեղրու ազատ տնտեսական գոտում իրանական բիզնեսի ներգրավման և խրախուսման տարբերակները։ Նշվել է նաև, որ կարևոր է ուղղորդել հայ արտադրողին՝ մուտք գործելու և հաստատվելու իրանական շուկայում։
Սուրեն Կարայանը Սեյեդ Քազեմ Սաջադիին հանգամանալից ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք կձեռնարկվեն Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների համար Նովրուզի տոների ընթացքում։
Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում ընդգծել է․ «Մենք մշտապես եղել ենք Իրան-ԵԱՏՄ տնտեսական կապերի սերտացման ջատագովը։ Ներկայումս էլ շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ։ Ցանկանում եմ վերահատատել, որ մենք պատրաստ ենք բարեկամ Իրանի տնտեսվարողների համար արդյունավետ հարթակ հանդիսանալ դեպի Եվրասիական միության շուկա»։