Կայացավ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովը
ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակության և այլ անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք այսօր ներկա գտնվեցին ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից համատեղ կազմակերպված Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովին։
Այսօր Հայաստանը հրապարակեց ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։ Այն ստանդարտի ներդրման աշխատանքների կարևորագույն արդյունքներից է, որին նախորդել են կարողությունների զարգացման միջոցառումներ, ոլոտային ուսումնասիրություններ, օրենսդրական փոփոխությունները և այլն։
ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը նպատակ ունի ոլորտին առնչվող համապարփակ տեղեկատվությունը զետեղել մեկ վայրում՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով կիրառել դրանք վերլուծությունների իրականացման, հիմնախնդիրների շուրջ փաստարկված քննարկումների ծավալման, ինչպես նաև ոլորտում բարեփոխումների նախաձեռնման համար։
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց․«Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Հետևապես պարզ է, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը մեզ համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն էր»։
«Ցանկանում եմ ընդգծել հաջողությամբ ձևավորված բազմաշահառու խմբի կարևորությունը: Վերջինիս տարբեր կողմերի անդամները՝ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից և հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպություններից, կարևոր դեր են ունեցել Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում և կշարունակեն կարևոր դեր ունենալ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության վերաբերյալ քննարկումների ժամանակ»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։
ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշեց․«Հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ աճող ոլորտներից է: Գնալով ավելի կարևոր է դառնում այն հարցում համոզված լինելը, որ ոլորտային քաղաքականության մասին տեղեկացվածության մակարդակը բարձր է և այն արդյունավետ է իրականացվում: Արդյունքում կապահովվի, որ Հայաստանը ստանում է այն, ինչ պետք է ստանար՝ միաժամանակ ստեղծելով գրավիչ ներդրումային միջավայր: Մենք շնորհավորում ենք Հայաստանին ԱՃԹՆ առաջին զեկույցի հրապարակման կապակցությամբ, որտեղ առաջին անգամ մեկ վայրում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է ողջ ոլորտը կառավարվում: Այս տեղեկատվությունը հիմնականում հասանելի է առցանց: Եվ այն լավ քաղաքականության հիմքն է»:
Համաձայն ԱՃԹՆ-ի ստանդարտի՝ պետական մարմինների և հանքարդյունահանող ընկերությունների կողմից ներկայացվել են հրապարակային հաշվետվություններ, որոնց հիման վրա ԱՃԹՆ-ի ազգային զեկույցում ամփոփվել են ընկերությունների կողմից կառավարությանը կատարած վճարումների, ինչպես նաև պետության ստացած եկամուտների, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում օգտակար հանածոների պաշարների, արտադրության, ներքին իրացման և արտահանման վերաբերյալ տեղեկություններ։
Իրականացված բարեփոխումները, զեկույցի կազմմանը զուգահեռ, ապահովել են թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ միջոցառումներ ևս, այդ թվում՝ օրենսդրական պարտադիր պահանջ սահմանելով մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հետ պետության կնքած պայմանագրերի հրապարակման համար։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև www.eiti.am պաշտոնական կայքը, որտեղ հրապարակված են ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացում բոլոր առանցքային փաստաթղթերը։ Կայքից հնարավոր է մուտք գործել ԱՃԹՆ-ի առցանց հաշվետվության համակարգ, որի միջոցով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 2018 թվականին առաջին անգամ պետական մարմինները և հանքարդյունահանող կազմակերպություններն առցանց եղանակով ներկայացրել են ԱՃԹՆ-ի հրապարակային հաշվետվությունները, որոնք հասանելի են PDF ձևաչափով www.eiti.am հղմամբ։
Հաշվետվությունների արդյունքում ձևավորված տվյալների բազայի հիմնական մասի համար (օրինակ՝ արտադրություն ու արտահանում, զբաղվածություն, կազմակերպությունների կողմից պետական և համայնքային բյուջեներ վճարված հարկեր և այլն) ՀՀ ԱՃԹՆ քարտուղարության կողմից նախատեսվել են նաև ֆիլտրեր, որոնց կիրառմամբ օգտատերը կարող է արտահանել իրեն առավել հետաքրքրող տեղեկատվությունը:
Համաժողովին տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ ԱՃԹՆ-ի փոխակերպիչ դերի և համակարգային տվյալների հրապարակման ապագայի, իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ։
———–
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաև հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխըմբռնումը:
ԱՃԹՆ-ի արժեքավոր առանձնահատկությունը որոշում ընդունող եռակողմ մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձևավորումն ու գործունեությունն է։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսեսուսով։
ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Երկիրը թեկնածու անդամ դառնալուց հետո ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից սահմանված ժամկետներում պետք է հրապարակի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.eiti.am կայքից: