Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Նիկոլ Փաշինյան. ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները
22/10/2019 16:04
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին և կարևորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերը: Կառավարության ղեկավարը իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ներկա գտնվել անտառների վերականգնման հիմնախնդիրներին նվիրված անդրանիկ համաժողովին, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ ողջ աշխարհից: Ողջունում եմ բոլորին, բոլոր մասնակիցներին և բանախոսներին և ուզում եմ ասել՝ բարով եք եկել Հայաստան:

Ողջունում և շնորհակալություն եմ հայտում Armenia Tree Project-ին և Ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոնին՝ այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու համար: Ուրախ եմ ողջունելու «Հակոբյան» կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին, Armenia tree project-ի գործադիր տնօրեն Ժան-Մարի Փափելյանին, փոխտնօրեն Ջեյսոն Սոհիգյանին, ինչպես նաև բարերար ու հասարակական գործիչ Քերոլայն Մուգարին: Ուրախ եմ նաև ողջունելու այսօրվա միջոցառման գլխավոր բանախոս՝ Օրեգոնի համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր Էնթընի Դեյվիսին:

Հարգելի բարեկամներ,

բնապահպանական խնդիրների լուծումը և, մասնավորապես, անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են: Ցավոք, մեր երկիրն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթը ծնվել է մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Դրան, սակայն, որպես որոշիչ գործոն հետագայում ավելացել է նաև կլիմայի փոփոխության գլոբալ միտումը: Ինչպես հայտնի է, բնապահպանական խնդիրները մեկուսի խնդիրներ չեն: Դրանք գրեթե միշտ ունենում են գլոբալ ազդեցություն և լուծման համար պահանջում են համատեղ ջանքեր, և այս առումով շատ կարևոր են միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության և հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար:

Ուրախ եմ տեսնել, որ այսօրվա համաժողովը միավորում է ոլորտի համաշխարհային մասնագետներին, որոնցից, վստահ եմ, շատ բան ունենք սովորելու: Մեր միջազգային գործընկերներից շատերը գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կայուն ու արդյունավետ ծրագրեր են մշակել ու ներդրել: Կարծում եմ՝ Հայաստանի փորձը ևս կարող է հետաքրքրություն ներկայացնել նրանցից շատերի համար:

Հարգելի բարեկամներ,

այսօրվա միջոցառման առանցքում, անշուշտ, Armenia tree project-ն է: Ծրագիրը, որն արդեն 25 տարեկան է, մեծապես նպաստել է Հայաստանի անտառային տարածքների վերականգնմանն ու պահպանմանը: Նրա ջանքերով Հայաստանում տնկվել է շուրջ 6 միլիոն ծառ: Սակայն Armenia tree project -ն իր գործունեության մեջ չի սահմանափակվել միայն անտառների վերականգնման ու բնապահպանական խնդիրների լուծմամբ: Այն լուրջ ներդրումներ է կատարել գյուղական համայնքների զարգացման, տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման և կրթական ծրագրերի իրականացման համար: Նրա մեծագույն ձեռքբերումներից է գյուղական համայնքներում մարդկանց մշտական աշխատանքով ապահովելը՝ այդպիսով դառնալով մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկը:

Համոզված եմ, որ Armenia tree project-ը շարունակելու է նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը: Մենք երախտապարտ կլինենք ձեր մասնակցությանը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը կրկնապատկելու ռազմավարական ծրագրի իրականացմանը: Եվ հույս ունեմ՝ տեղյակ եք 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկող 10 մլն ծառ տնկելու մեր նախաձեռնության մասին: Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը, նկատի ունեմ՝ Հայաստանի անտառածածկ տարածքները կրկնապատկելը:

Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ վերջերս կառավարությունն իր ծավալներով աննախադեպ որոշում կայացրեց, և մենք հատկացրեցինք 424 մլն դրամ՝ մինչև տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար: Այդ առումով մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել, և կարևոր է ընդգծել, որ այս նախագիծը շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ այս պահի դրությամբ համալրված են այդ աշխատատեղերից ընդամենը 500-ը, և այս պահի դրությամբ մենք այս ծրագրի շրջանակում ունենք 300 աշխատատեղ Լոռվա մարզում, 200 աշխատատեղ Տավուշի մարզում և 50 աշխատատեղ Սյունիքի մարզում: Այնպես որ՝ մեր սիրելի հայրենակիցները, ովքեր ուզում են ներգրավել այս գործընթացի մեջ, աշխատանքը, բնականաբար, վճարովի է, կարող են դիմել իրենց տարածքների «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր: Շատ կարևոր եմ համարում արձանագրել նաև, որ մենք վերջերս էական փոփոխություններ ենք մտցրել նաև Քրեական օրենսգրքում և Վարչական օրենսգրքում և էականորեն խստացրել ենք պատիժները և սանկցիաները ապօրինի անտառահատումների վերաբերյալ: Կարծում եմ՝ այս փոփոխությունները, այս ծրագրերն իսկապես իրենց մասշտաբներով աննախադեպ են և ցույց են տալիս Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը և քաղաքական կամքը՝ Հայաստանում անտառների պահպանության, անտառների վերականգնման և անտառների, անտառածածկ տարածքներն ընդլայնելու գործում:

Հարգելի ներկաներ,

խոսելով Armenia Tree Project-ի մասին՝ իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ ու ԱՄՆ-ում հայանպաստ օրակարգի առաջամարտիկ Քերոլայն Մուգարին՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի սկիզբը դնելու համար: Անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը, տիկին Մուգար, նաև որպես Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուղղված ԱՄՆ-ում Հայաստանին վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը, Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին, ԱՄՆ-Հայաստան ու ԱՄՆ-Արցախ երկխոսության զարգացմանը: Ձեր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններն ու ծրագրերը Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել են երկրի զարգացմանը:

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ Armenia Tree Project-ի 25-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովիտի անտառի տարածքում «Մուգարի պուրակ»-ի ստեղծման վերաբերյալ:

Շնորհավորում եմ Ձեզ, տիկին Մուգար, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու Ձեր բոլոր երազանքների, մտահղացումների իրականացում:

Ավարտելով խոսքս՝ հարգելի ներկաներ, վերստին ցանկանում եմ ողջունել այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին և մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ով մասնակցություն է ունեցել այս հիասքանչ միջոցառման կազմակերպման գործում:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

———–

«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչև 2050 թվականը, նաև ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության և վերականգնման խնդիրների շուրջ: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական և կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը:

Միջոցառմանը մասնակցում են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, իսրայելական KKL-JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի և «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի օրերին կազմակերպվելու են այցելություններ Դիլիջան ազգային պարկ, «Էյ Թի Փի»-ի տնկարաններ, ծառատունկի վայրեր:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39