
LEHMAN BROTHERS-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԵՏ ԳՆԵԼ ԻՐ ԳՈՒՅՔԸ
Մոտ 9 ամիս առաջ սննկացած ամերիկյան Lehman Brothers Holdings բանկը իր գույքի ետ գնման հայցով դիմել է դատարան: Ընկերությունը ցանկանում է իր ամերիկյան բրոքերային գրասենյակի գույքը ետ գնել բրիտանական Barclays Plc բանկից: Ընկերությունը մտադիր է 5,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գույք ետ գնելու դատարանի թույլտվության որոշում ստանալ: Նշենք, որ Lehman Brothers բանկի այսպիսի որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության գրասենյակի վարձատուն պատրաստակամություն է հայտնել կրճատել վարձակալության վճարը միայն այն դեպքում, երբ բանկի վերջնական իրացվելիության արդյունքում գույքն ամբողջությամբ անցի վարձատուին: Հիշեցնենք, որ Barclays բանկը բրոքերային գրասենյակի ձեռք բերման նպատակով Lehman Brothers բանկին վճարել էր 1,54 մլրդ դոլար: