
Armenia Airways-ը կշարունակի Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթները
Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնող Armenia Airways ավիաընկերությունը չի պատրաստվում դադարեցնել կամ հետաձգել չվերթները: Այս մասին հայտնեց ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյանը:
«Մենք չենք նախատեսում դադարեցնել թռիչքները, քանի որ այնտեղ առանձնապես լուրջ բան չկա»,-ասաց Դավուդյանը:
Հարցին, թե արդյոք անվտանգության առումով ոչինչ չի անհանգստացնում, Դավուդյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ շարունակելու են թռիչքներն այնպես, ինչպես նախատեսված է եղել:
Հունվարի 8-ին Երևանից Թեհրան օդանավը մեկնել է ժամը 11։00-ին, Թեհրանից Երևան ժամանող օդանավը վայրէջք է կատարել ժամը 15։08-ին: Գլխավոր տնօրենի խոսքով՝ ավիաընկերության հաջորդ թռիչքը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին:
Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմակայանի հրթիռակոծությունից հետո ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է ամերիկյան քաղաքացիական օդանավերին թռիչքներ իրականացնել Իրաքի եւ Իրանի օդային տարածքներում: Ինչպես հայտնել էր «Ռոյթերս» գործակալությունը՝ մի քանի խոշոր ավիաընկերություններ ևս դադարեցրել են դեպի Իրան և Իրաք չվերթները, դրանց թվում է Գերմանիայի «Լուդթհանզա» ավիաընկերությունը, Դուբայում գործող «Էմիրատներ» -ը և բյուջետային «Ֆլայդուբայ»-ը: