Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր:
Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար:
Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: