«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև
Երևան քաղաքի Արշակունյաց – Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Արշակունյաց – Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև», – գրել է Կուբատյանը։
2018 թվականի օգոստոսի 31ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում ներկայացվել և քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները: Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը գործում է ծանրաբեռնված, ինչի հետևանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթևեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է եղել՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը: