
NIKE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 21%-ՈՎ
Սպորտային հագուստ, կոշիկներ և այլ պարագաներ արտադրող Nike Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով կրճատվել է 21%-ով և կազմել 1 մլրդ 486,7 մլն դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա ընթացքում ընկերության զուտ շահույթը կազմել էր 1 մլրդ 883,4 մլն դոլար: Հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում ընկերության հասույթն աճել է 3%-ով և կազմել 19 մլրդ 176,1 մլն դոլար, իսկ ակտիվների ընդհանուր ծավալն ապահովել է 6% աճ և կազմել 13 մլրդ 249,6 մլն դոլար: Ընկերությունը հրապարակել է նաև 2008-2009 ֆինանսական տարվա չորորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն այդ ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 30%-ով և կազմել 314,4 մլն դոլար, իսկ հասույթը կրճատվել է 7%-ով և կազմել 4 մլրդ 713 մլն դոլար: Նշենք, որ Nike ընկերությունը գործում է աշխարհի 160 երկրներում, իսկ աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 հազար: