
FORBES-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 2009Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Forbes ամսագիրը հրապարակել է 2009թ. տաս լավագույն մենեջերների անունները, ովքեր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կարողացել են ապահովել իրենց ընկերությունների արդյունավետ գործունեությունը:
2009թ. ԱՄՆ շուկայում ամենահաջողակ ընկերություն ճանաչվել է Brendan Wood International խորհրդատվական ընկերությունը, իսկ ընկերության ղեկավար Բրենդոն Վուդսը, ում կառավարչական ճիշտ որոշումների արդյունքում ընկերությունը կարողացել է ամրապնդել իր դիրքերը շուկայում և ապահովել շահութաբերության աճ, գլխավորում է բիզնեսի լավագույն ղեկավարների վարկանիշային ցուցակը: Նշենք, որ Brendan Wood International ընկերությունը ներդրողներին մատուցում է ֆոնդային բորսաներում գործառնություններ իրականցնելու խորհրդատվական ծառայություններ:
Լավագույն մենեջերների վարկանիշային ցուցակում հայտնվել է նաև Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը, ով առողջական խնդիրների պատճառով այս տարվա ընթացքում չի զբաղեցրել ղեկավարի իր պաշտոնը, սակայն ընկերությունն, այնուամենայնիվ, կարողացել է ճգնաժամի պայմաններում պահպանել իր նորամուծական ուղղվածությունը: Նշենք, որ 2008թ. ընկերության շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 32.47 մլրդ դոլար, մինչդեռ այս նույն ցուցանիշը 2007թ. արդյունքներով կազմել էր 23.99 մլրդ դոլար:
Լավագույն ղեկավարների ցուցակում հայտնվել է նաև PepsiCo ընկերության գործադիր տնօրեն Ինդրա Նուին: Նշենք, որ նա մշակել է համաշխարհային շուկայում ընկերության երկարաժամկետ ռազմավարություն, ինչն էլ ապահովել է 2008թ. ընթացքում ընկերության վաճառքի ծավալների աճ: