ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ 60 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Իտալիայի ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի` «Հաշվարկային դատարան»-ի, հրապարակած հաշվետվության մեջ ասվում է, որ Իտալիայում կաշառակերության ծավալները տարեկան կտրվածքով կազմում են 50-60 միլիարդ եվրո:
«Հաշվարկային դատարանի» գլխավոր դատախազ Ֆուրիո Պասկուալուչիյի խոսքերով ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկրում մեծանում են կոռուպցիոն ռիսկերը և դա բերում է այն բանին, որ քաղաքացիները այլևս չեն վստահում պետությանը, ինչն էլ իր հերթին առաջացնում է «թաքնված հարկ», որը իտալացիներից շատերը ստիպված մուծում են:
Ֆուրիո Պասկուալուչին նշել է նաև, որ Իտալիայի հարավը երկրի ամենակոռումպացված մասն է: 2008թ.-ին կաշառակերության համար հարուցված քրեական գործերի 13%-ը բաժին է ընկնում Սիցիլիային, Կապանիային բաժին է ընկնում գործերի 11.4%, Ապուլիային` 9.4%, իսկ Կալաբրիային` 8.1%: