ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 29.5%-ՈՎ
Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալների համաձայն արդյունաբերական արտադրության ծավալը Ճապոնիայում այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 5.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 29.5%-ով: Նշենք, որ արդյունաբերական արտադրության ծավալը դրսևորում է շարունակական աճ արդեն երրորդ ամիսն անընդմեջ: Այս տարվա մարտ ամսվա ընթացքում Ճապոնիայում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 1.6%-ով, իսկ ապրիլ ամսվա ընթացքում` 5.2%-ով: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն այս ցուցանիշն առաջիկա ամիսների ընթացքում նույնպես կդրսևորի աճման միտում: