ԴՈԼԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ
Հայտնի ներդրող և Rogers Holdings ընկերության տնօրեն Ջիմ Ռոջերսի (Jim Rogers) կարծիքով դոլարը և ԱՄՆ պետական պարտատոմսերը, պետական պարտքի աճով պայմանավորված, կարող են արժեզրկվել: Նա նշել է, որ դոլարն այլևս չի կարող համարվել կայուն արժույթ այն պայմաններում, երբ պետությունն ուղղակիորեն ավելացնում է շրջանառության մեջ փողի առաջարկը, ինչպես նաև մեծ ծավալների փոխառություններ է վերցնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Նա նաև նշել է, որ համաշխարհային շուկայում կրճատվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ներդրողների վստահությունը և դոլարը, որպես միջազգային պահուստային արժույթ, արդեն զիջել է իր դիրքերը: Հայտնի ներդրողը նշել է, որ ներկա դրությամբ դոլարով իր խնայողությունների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն կրճատվել է, և ինքը այժմ մտադիր է ազատվել նաև ԱՄՆ պետական պարտատոմսերից:
Նշենք նաև, որ Չինաստանի Կենտրոնական Բանկի որոշման համաձայն չինական ընկերություններն ասիական այլ երկրների իրենց գործընկերների հետ արտահանման և ներմուծման գործարքներ կնքում են արդեն ոչ թե դոլարով, այլ իրենց ազգային արժույթով: