G8 ԵՐԿՐՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՄ
Իտալական Ակվիլա քաղաքում ընթացող «Մեծ ութնյակ»-ի (G8) երկրների համաժողովի շրջանակներում զարգացած երկրների ղեկավարները հայտարարել են, որ կշարունակեն պայքարել հարկերի վճարումից խուսափելու դեմ: Համաժողովի մասնակիցները ստորագրել են հռչակագիր, որտեղ նշվում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ներկայումս ավելի քան երբևէ կարևորվում է հարկային արդյունավետ վարչարարության ապահովումը և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարելու մեխանիզմների մշակումը: G8 ղեկավարները նշել են, որ քայլեր են ձեռնարկվում հարկային տեղեկատվության փոխանցման բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով: