ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
ԱՄՆ գանձապետարանի հրապարակած զեկույցի համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդն արդեն գերազանցել է 1 տրիլիոն դոլարն, ընդ որում միայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում բյուջեի պակասուրդն աճել է 94.316 մլրդ դոլարով և կազմել 1.086 տրիլիոն դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ բյուջեի պակասուրդի աճի նման բարձր տեմպերը կարող են հանգեցնել ֆինանսական համակարգի անկայունության և տնտեսական անհավասարակշռության: Նշենք, որ բյուջեի պակասուրդի աճը գլխավորապես պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսության խթանման նպատակով պետության ուղղակի միջամտության ծավալների աճով և իրականացվող հակաճգնաժամային ծրագրերով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարվա փետրվարին ստորագրել է հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հրամանագիր, որը նախատեսում է ֆիզիկական անձանց և բիզնեսին շուրջ 212 մլրդ դոլարի հարկային սուբսիդիաների տրամադրում, ենթակառուցվածքների զարգացման և գիտական հետազոտությունների իրականացման նպատակով 308 մլրդ դոլարի տրամադրում, ինչպես նաև 267 մլրդ դոլարի պետական ուղղակի ներդրումների իրականացում: