NOKIA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 73%-ՈՎ
Բջջային հեռախոսներ արտադրող խոշորագույն Nokia ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները գրանցել են անկում, մասնավորապես ընկերության զուտ շահույթը 2009թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 73%-ով և կազմել 287 մլն եվրո կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,1 եվրո: Նշենք, որ 2008թ. երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել էր 1,083 մլրդ եվրո կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,29 եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 15%-ով և կազմել 9,9 մլրդ եվրո, իսկ ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 70%-ով և կազմել 427 մլն եվրո: Ընկերության հասույթը 2009թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 28%-ով և կազմել 6,6 մլրդ եվրո: Հասույթի կրճատումը պայմանավորված է ինչպես վաճառքի ծավալների անկմամբ, այնպես էլ բջջային հեռախոսների իրացման գների իջեցմամբ:
Նշենք, որ Nokia ընկերության բջջային հեռախոսների բաց թողնման միջին գինը հաշվետու եռամսյակում կազմել է 62 եվրո, մինչդեռ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը սահմանվել է 65 եվրո մակարդակում: