Samsung-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրլն դոլարը՝ ԱԲ ոլորտում մրցավազքի ֆոնին
Samsung Electronics-ի բաժնետոմսերը չորեքշաբթի աճել են ավելի քան 10%-ով, ինչի արդյունքում տեխնոլոգիական հսկայի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրլն դոլարի շեմը՝ արհեստական բանականության ոլորտի նկատմամբ ներդրողների բարձր հետաքրքրության ֆոնին: Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Ընկերությունը դարձել է երկրորդ ասիական ձեռնարկությունը՝ TSMC-ից հետո, որը հասել է նման գնահատականի։
Գնանշումների արագ աճը գրանցվել է առաջին եռամսյակի ռեկորդային ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո։ Samsung-ի օպերացիոն շահույթն աճել է ավելի քան ութ անգամ և հասել 57.2 տրլն վոնի՝ գերազանցելով ամբողջ 2025 թվականի ցուցանիշը, որը կազմել է 43.6 տրլն վոն։
Ընկերության եկամուտը նույնպես թարմացրել է պատմական առավելագույնը՝ կազմելով 133.9 տրլն հարավկորեական վոն։ Դրական դինամիկան ազդել է նաև SK Hynix-ի բաժնետոմսերի վրա, որոնք աճել են ավելի քան 9%-ով, ինչը օգնել է Kospi .ինդեքսին առաջին անգամ հաղթահարել 7000 կետի շեմը։
Աճի լրացուցիչ խթան է դարձել այն տեղեկությունը, որ Apple-ը նախնական բանակցություններ է վարում Samsung-ի և Intel-ի հետ։ Ամերիկյան կորպորացիան դիտարկում է իր սարքերի համար չիպերի արտադրությունը ԱՄՆ տարածքում կազմակերպելու հնարավորությունը՝ մատակարարումները դիվերսիֆիկացնելու և իր վաղեմի գործընկեր TSMC-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

