Nissan-ը ծրագրում է Եվրոպայում կրճատել աշխատակիցների 10%-ին
Ճապոնական ավտոարտադրող Nissan կոնցեռնը կկրճատի աշխատատեղերի 10%-ը Եվրոպայում և կմիավորի երկու արտադրական գիծ Անգլիայի Սանդերլենդ քաղաքում գտնվող գործարանում։ Այդ մասին հայտնել է Financial Times թերթը։
Նրա տվյալներով՝ աշխատանքից կարող են զրկվել շուրջ 900 աշխատակից Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում՝ Եվրոպայում Nissan-ի մոտ 9.3 հազար աշխատակիցներից։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում գտնվող ձեռնարկությանը, ապա հոդվածում նշվում է, որ Nissan-ը բանակցություններ է վարում չինական Chery ընկերության և այլ ավտոարտադրողների հետ՝ հույս ունենալով բարձրացնել գործարանի ծանրաբեռնվածությունը, որը ներկայում գործում է հզորության կեսի չափով։
Պարբերականը գրում է, որ նման վերակառուցման նպատակը ֆինանսական դժվարություններին դիմակայելն է, որոնց բախվել է կոնցեռնը։
Nissan-ում հրաժարվել են մեկնաբանել ընթացող բանակցությունները, սակայն ընդունել են, որ ուսումնասիրում են երրորդ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները՝ Սանդերլենդի գործարանի առավելագույն ծանրաբեռնվածությունն ապահովելու համար։ Այնտեղ նաև հավելել են, որ այդ քայլերը անհրաժեշտ են Եվրոպայում Nissan-ի ապագան պաշտպանելու, երկարաժամկետ հեռանկարում աշխատատեղերը պահպանելու և եվրոպական շուկայում շահութաբեր կերպով մրցակցելու հնարավորություն ապահովելու համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

