Ակնկալվում է, որ Tesla-ն ու Հնդկաստանը պայմանավորվածության կգան 2024 թվականին
Tesla-ն կարող է սկսել էլեկտրական մեքենաների արտահանումը Հնդկաստան 2024 թվականին, իսկ երկու տարի անց երկրում դրանց արտադրության գործարան կառուցել։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Tesla-ն մոտ է Հնդկաստանի կառավարության հետ էլեկտրամոբիլների մատակարարման և երկրում իր մեքենաների արտադրության շուրջ համաձայնությանը։ Այս մասին կողմերը բանակցում էին ամառվանից։ Սպասվում է, որ համաձայնագրի մասին կհայտարարվի 2024 թվականի հունվարին։
Ակնկալվում է, որ Tesla-ի նախնական ներդրումը նվազագույնը 2 միլիարդ դոլար կլինի՝ Հնդկաստանում էլեկտրական մեքենաների գործարան կառուցելու համար, զուգահեռաբար ընկերությունը կձգտի ավելացնել իր ավտոպահեստամասերի գնումները հարավասիական հանրապետությունից մինչև 15 միլիարդ դոլար:
Էլեկտրական մեքենաների արտադրության գործարանի կառուցման տարածքը կարող է տրամադրվել Գուջարաթ կամ Թամիլնադ նահանգներում, որտեղ արդեն լավ զարգացած էկոհամակարգեր կան էլեկտրական մեքենաների արտադրության և դրանք արտահանելու համար։
Tesla-ն առաջարկում է գործարանում տարեկան 500 հազար մեքենա արտադրել։ Արտադրված մոդելների նվազագույն արժեքը կկազմի մոտ 25 հազար դոլար։