Meta-ն 1 մլն դոլար է նվիրաբերել Թրամփի հիմնադրամին
Meta ընկերությունը 1 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը CNN-ին հաստատել է ընկերությունը։
Այս լուրից երկու շաբաթ առաջ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Ֆլորիդայում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։
CNN-ը հաղորդում է, որ Ցուկերբերգը ձգտում է ավելի ակտիվ դեր ստանձնել գալիք վարչակազմում, որը կարող է ներառել տեխնոլոգիական քաղաքականության ձևավորումը: Սա մեծ շրջադարձ է գրեթե չորս տարի առաջ առկա իրավիճակի համեմատ, երբ Meta-ն իր հարթակներում արգելափակեց Թրամփին 2021 թվականի հունվարի 6-ի խռովությունից հետո:
Իսկ մարտին Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում Facebook-ը որակել էր որպես «ժողովրդի թշնամի», որի հետևանքով սոցցանցի մայր ընկերության՝ Meta-ի բաժնետոմսերի գինն այդ օրը նվազել էր ավելի քան 4%-ով։
2024 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Ցուկերբերգը թեկնածուներից ոչ մեկին չէր հայտնել իր աջակցությունը։ Սակայն այս տարի ավելի վաղ նա գովել էր Թրամփի արձագանքն իր դեմ իրականացված մահափորձին՝ նրան անվանելով խիզախ։
Իր հերթին The Wall Street Journal-ը, որն առաջինն էր հայտնել Meta-ի նվիրատվության մասին, գրել է, որ հանրապետականները, որոնք ընտրությունների արդյունքներով ստանում են Սպիտակ տան և Կոնգրեսի երկու պալատների հանդեպ վերահսկողությունը, կոչ են անում փոփոխություններ կատարել տեխնոլոգիական ոլորտի կարգավորումներում։ Այս ֆոնին, ըստ WSJ-ի, ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարները ստիպված են շտկել իրենց դիրքորոշումը Թրամփի նկատմամբ։
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։