ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆԻՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ
2013 թվականի ամռան սկիզբը կլինի տեխնոլոգիական և գործարար. հունիսի 21-ին և 22-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը` «Խելացի լուծումներ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո:
Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցներ, հաճախորդների կառավարման և սպասարկման, շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման նոր եղանակներ, տեխնոլոգիական միջոցներ կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում, նոր անվտանգության համակարգեր և այլ հետաքրքիր ու արդյունավետ լուծումներ կներկայացվեն ֆորումի երկու օրերի ընթացքում:
Ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ և կլոր սեղաններ՝ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև կանցկացվի ինովացիոն լուծումների ցուցահանդես:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:
Ֆորումի մուտքն ազատ է բոլոր հետաքրքրվողների համար: