
Mercedes-Benz-ը առաջին եռամսյակում զուտ շահույթը կրճատել է 1.7 անգամ
Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz Group AG-ն 2025 թվականի առաջին եռամսյակում իր զուտ շահույթը կրճատել է 1.7 անգամ, եկամուտը՝ 7%-ով: Երկու ցուցանիշներն էլ ավելի վատ են, քան շուկայական կանխատեսումները։
Հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև 1.73 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 3.03 միլիարդ եվրոյի համեմատ։ Եռամսյակային եկամուտը նվազել է մինչև 33.22 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 35.9 միլիարդ եվրոյի համեմատ։
FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել էին Mercedes-ի զուտ շահույթը 2.03 միլիարդ եվրո՝ 35.01 միլիարդ եվրո եկամուտի դեպքում։
Ավտոմոբիլային գործառնությունների շահութաբերությունը նվազել է մինչև 7.3%՝ նախորդ տարվա 9%-ի համեմատ։
Մարդատար մեքենաներ արտադրող Mercedes-Benz Cars ընկերության եկամուտը վերջին եռամսյակում նվազել է 6%-ով՝ հասնելով 24.24 միլիարդ եվրոյի, մինչդեռ թեթև բեռնատարներ արտադրող Mercedes-Benz Vans ընկերության եկամուտը նվազել է 17%-ով՝ հասնելով 4.08 միլիարդ եվրոյի։ Mercedes-Benz Mobility ստորաբաժանման եկամուտը նվազել է 6%-ով՝ հասնելով 6.22 միլիարդ եվրոյի։
Ընկերության կողմից մարդատար ավտոմեքենաների վաճառքը առաջին եռամսյակում նվազել է 4%-ով՝ հասնելով 446.3 հազար միավորի։ Մասնավորապես, էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է 14%-ով, թեթև բեռնատարներինը՝ 21%-ով։
Mercedes-Benz-ը նշել է, որ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի և այլ երկրների կողմից հնարավոր պատասխան միջոցառումների շուրջ բարձր անորոշության պատճառով ընկերությունը չի կարող հուսալի կանխատեսումներ տրամադրել ընթացիկ տարվա մնացած մասի համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։