
OpenAI-ը ներդրողների հետ բանակցում է բաժնետոմսերի վաճառքի շուրջ
Արհեստական բանականության ոլորտում գործող ամերիկյան OpenAI ընկերությունը վարում է բանակցություններ Thrive Capital ներդրումային հիմնադրամի և այլ ներդրողների հետ՝ բաժնետոմսերի վաճառքի շուրջ, որի շրջանակում ամբողջ ընկերության գնահատված արժեքը կարող է հասնել 500 միլիարդ դոլարի: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը գնում է երկրորդային բաժնետոմսերի վաճառքի մասին, որի միջոցով ընկերության ներկայիս և նախկին աշխատակիցները կարող են իրացնել իրենց բաժնետոմսերը։
Ընկերության վերջնական գնահատականը դեռ չի սահմանվել, իսկ գործարքի ծավալը կախված կլինի ներդրողների պահանջարկից։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ այս գործարքի ծավալը, ամենայն հավանականությամբ, էապես կգերազանցի անցած տարվա վերջին իրականացված նմանատիպ գործարքի ծավալը, երբ վաճառվել էին բաժնետոմսեր՝ 1.5 միլիարդ դոլարի։
Միևնույն ժամանակ, OpenAI-ը շարունակում է միջոցներ ներգրավել ընթացիկ ներդրումային փուլում, որի շրջանակում SoftBank խմբի գլխավորությամբ՝ ընկերությունը գնահատվել էր 300 միլիարդ դոլար, իսկ ներդրումային փուլի ընդհանուր ծավալը կազմում է 40 միլիարդ դոլար։
Ներկա պահին աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր տեխնոլոգիական ընկերությունը համարվում է SpaceX-ը, որն, ըստ վերջին գնահատականների՝ արժե 400 միլիարդ դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։