Paramount, Comcast և Netflix-ը հավակնում են ձեռք բերել Warner Bros. Discovery-ն
Paramount Skydance-ը, Comcast Corp.-ը և Netflix Inc.-ը առաջարկներ են ներկայացրել Warner Bros. Discovery (WBD) ընկերության կամ նրա որոշ ակտիվների ձեռքբերման վերաբերյալ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթի փոխանցմամբ՝ առաջարկները պարտադիր ուժ չունեն։
WBD-ն հոկտեմբերին հայտարարել էր, որ ուսումնասիրում է ամբողջ բիզնեսի կամ դրա առանձին հատվածների վաճառքի հնարավորությունը։ Ընկերությունը նաև ակնարկել էր, որ կցանկանար գործարքն ավարտել ընթացիկ տարվա ավարտին ընդառաջ։ Ավելի վաղ այն ներկայացրել էր ծրագրեր՝ բաժանելու բիզնեսը երկու ընկերությունների միջև: Առաջինին պետք է անցնեին կինոստուդիան և սթրիմինգային ակտիվները, իսկ երկրորդին՝ կաբելային հեռուստաալիքները՝ ներառյալ CNN, TNT և Food Network-ը։
Երեք հավանական գնորդների շարքում միայն Paramount Skydance-ն է փորձում ամբողջությամբ ձեռք բերել WBD-ն։ Comcast-ը և Netflix-ը հետաքրքրված են միայն կինոստուդիայով, HBO և HBO Max սթրիմինգային հարթակով:
Paramount-ն արդեն երեք առաջարկ է արել WBD-ին, սակայն բոլորն էլ մերժվել են։ Հոկտեմբերին այն առաջարկել էր մի փոքր պակաս՝ 24 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց՝ գնահատելով ընկերությունը ընդհանուր առմամբ 59.5 մլրդ դոլար։
Ինչպես գրում է WSJ-ը, ցանկացած գործարք պահանջելու է կարգավորող մարմինների հաստատումը։ ԱՄՆ մի շարք օրենսդիրներ արդեն մտահոգություն են հայտնել, որ HBO Max-ի ձեռքբերումը Netflix-ի կողմից կարող է հանգեցնել շուկայի չափազանց մեծ կենտրոնացման։
WBD ակտիվների ձեռքբերումը մյուս երկու հավակնորդների՝ Comcast-ի կամ Paramount-ի կողմից նույնպես կարող է հարցեր առաջացնել կարգավորող կառույցների մոտ՝ կինոստուդիաների հնարավոր կոնցենտրացիայի պատճառով։ Comcast-ը հանդիսանում է Universal Pictures-ի, իսկ Paramount-ը՝ Paramount Pictures-ի սեփականատերը։
