Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Շվեյցարական SIGMA ծրագիրը կրկնօրինակելի լուծումներ է առաջարկում Հայաստանում գյուղատնտեսության զարգացման համար
19/02/2026 14:17
Կիսվել

Շվեյցարական SIGMA ծրագիրը կրկնօրինակելի լուծումներ է առաջարկում Հայաստանում գյուղատնտեսության զարգացման համար

2025-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5.6% աճ` նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 51%-ը բաժին է ընկել բուսաբուծությանը, իսկ մոտ 49 %-ը՝ անասնապահությանը: Բուսաբուծության առաջատար ուղղություններն են եղել պտղի և հատապտղի, բանջարեղենի, ինչպես նաև կարտոֆիլի արտադրությունը՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով համապատասխանաբար մոտ 20%, 2% և 1.3% աճ: Ոլորտում հետագա կայունություն և ներառականություն ապահովելու համար կարևոր են մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ներդրումներն ու արդիական գիտելիքի փոխանցումը: Առանցքային խնդիրներից են գյուղատնտեսական գործունեության ցածր արտադրողականությունը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարությունները, տեխնիկական և լոգիստիկ բարդությունները, շուկաների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև կլիմայակայուն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ արդիական գիտելիքի և հմտությունների պակասը:

Այս խնդիրների լուծմանն է միտված «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը: Գործելով Տավուշի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ ծրագիրը ներառական, կլիմայակայուն և նորարարական մոտեցումներ է կիրառում գյուղական բնակավայրերում կայուն զարգացում խթանելու նպատակով: SIGMA-ի նպատակն է ապահովել ավելի բարձր եկամուտ և ստեղծել աշխատատեղեր փոքր գյուղացիական տնտեսությունների համար՝ առաջնահերթ կարևորելով սոցիալապես խոցելի խմբերի ներգրավվածությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Աջակցելով այս նախաձեռնությանը՝ Շվեյցարիան խթանում է նորարարությունները գյուղական համայնքներում՝ բարելավելով շուկաների հասանելիությունը, բարձրացնելով եկամուտները և ամրապնդելով փոքր ֆերմերների դիմակայունությունը:

Ավելի քան 1000 փոքր գյուղացիական տնտեսություններ արդեն օգտվել են SIGMA ծրագրի շրջանակում ստեղծվող հնարավորություններից՝ ընդլայնելով արտադրության ծավալները և ավելացնելով եկամուտները: Ծրագիրը մասնավոր ընկերությունների հետ իրականացնում է համատեղ ներդրումային նախաձեռնություններ, որոնց շրջանակում գործարկվում են գյուղատնտեսական նոր կամ բարելավված ծառայություններ: SIGMA-ի աջակցությամբ արդեն մշակվել է մոտ 30 նմանատիպ ծառայություն՝ նպաստելով հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, մրգերի և հատապտուղների, ինչպես նաև բանջարեղենի արտադրության ու մեղվաբուծության զարգացմանը:

Մեղվաբուծության զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից է Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում ժամանակակից գիտակրթական հետազոտական կենտրոնի հիմնումը: Այն համապարփակ ծառայություններ է մատուցում հանրապետության տարբեր մարզերի մեղվաբույծներին՝ մայրաբուծությունից և մեղվաբուժությունից մինչև մեղվաբույծների վերապատրաստում և մեղվամթերքի առաջխաղացում:

«Մարգահովտի կենտրոնում ձեռք եմ բերել արժեքավոր գիտելիք ու հմտություններ մայրաբուծության, սեզոնային աշխատանքների իրականացման, մեղվանոցի ընդլայնման և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ: Ավելին, կենտրոնի շնորհիվ կարողացել եմ մեծացնել իմ մեղվաբուծական տնտեսությունը՝ ձեռք բելերով նոր մեղվաընտանիքներ: Կիրառելով ձեռք բերված գիտելիքը՝ այս տարի պատրաստվում եմ զբաղվել մայրաբուծությամբ, ինչը հնարավորություն կտա ավելի որակյալ մեղվաընտանիքներ ունենալ և ընդլայնել արտադրվող մեղվամթերքի տեսականին»,- նշում է կենտրոնի շահառու, մեղվաբույծ Գոհար Ղարիբյանը:

Հացահատիկային և հատիկաընդեղենի արտադրության բարելավման նպատակով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հիմնվել է եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցված սերմերի զտման և ախտահանման կենտրոն, իսկ Լոռու մարզի Ուռուտ գյուղում՝ ցորենի մթերման և ալյուրի արտադրամաս: Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրերում հիմնվել են մրգերի երկարատև պահեստավորման ժամանակակից սառնարանային տնտեսություններ, որտեղ միայն 2025 թ.-ին մթերվել է ավելի քան 250 տոննա բերք: Լոռու մարզի Գյուլագարակ և Շիրակի մարզի Ախուրյան համայնքների ֆերմերներին հասանելի են դարձել ժամանակակից գյուղտեխնիկայի միջոցով մատուցվող բերքահավաքի ծառայություններ, որոնք զգալիորեն նվազեցնում են բերքի կորուստը և ավելացնում եկամտաբերությունը: 2026 թ.-ին իրականացվելիք ներդրումային ծրագրերի շրջանակում թիրախային մարզերում կհիմնվեն բանջարային մշակաբույսերի սածիլների արտադրություն, եգիպտացորենի հատիկի մթերման և չորացման արտադրամաս, պտուղների և հատապտղի շոկային սառեցման կենտրոն, ինչպես նաև պտղաատու ծառատեսակների սերտիֆիկացված տնկարան, որն իր տեսակով կլինի առաջինը հանրապետությունում:

Ակնկալվում է, որ մինչև SIGMA ծրագրի առաջին փուլի ավարտը՝ 2026 թ.-ի դեկտեմբերը, մոտ 3000 գյուղացիական տնտեսություններ կօգտվեն ծրագրի աջակցությամբ մատուցվող գյուղատնտեսական նոր ծառայություններից, ինչի արդյունքում նրանց գերակշիռ մասի մոտ կարձանագրվի եկամտի աճ: Նախատեսվում է, որ ստեղծված ծառայությունները կնպաստեն մոտ 500 աշխատատեղերի ստեղծմանը և աշխատանքային պայմանների էական բարելավմանը: Կանխատեսվում է, որ 2028 թ.-ին ծրագրի շահառուների թիվը կգերազանցի 5000-ը:

Գյուղական համայնքներում կայուն և հավասարաչափ զարգացում խթանելու նպատակով SIGMA-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս ներառականության ապահովմանը: Նախատեսվում է, որ ծրագրի շահառուների մոտ 30%-ը կլինեն կանայք, իսկ 25%-ը կներկայացնեն տարբեր խոցելի խմբեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ, հաշմանդամություն ունեցող անձիք և էթնիկ փոքրամասնություններ: 2025 թ.-ին կանայք կազմել են շահառուների ավելի քան 26%-ը, իսկ տարբեր խոցելի խմբեր ներկայացնող անձիք՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները՝ մոտ 30 %-ը:

Ներկայումս SIGMA ծրագիրը, իրականացնելով նախանշված նախաձեռնությունների մեծ մասը, կարևորում է դրանց տարածումն ու ընդլայնումը ինչպես թիրախային, այնպես էլ այլ մարզերում՝ նպաստելով գյուղական բնակավայրերում կայուն զարգացմանը: SIGMA-ն մտադիր է լայնորեն համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ տրամադրելով փորձագիտական և տեխնիկական աջակցություն գյուղատնտեսության թիրախային ենթաոլորտներում գործող ընկերություններին: Ծրագիրը պատրաստ է համագործակցել նաև այլ շահագրգիռ կողմերի հետ՝ հանրային հատվածի, պետական կառույցների, ինչպես նաև միջազգային, ֆինանսական և հասարակական կազմակերպությունների հետ:

SIGMA ծրագրի նախատեսված տևողությունը տասը տարի է: Ծրագրի առաջին փուլը կավարտվի 2026 թ.-ի դեկտեմբերին: Ակնկալվում է, որ դրան անմիջապես կհաջորդի երկրորդ փուլը՝ զարգացման ավելի մեծ հնարավորություններ առաջարկելով Հայաստանի գյուղացիական տնտեսություններին: Ծրագիրն իրականացվում է DAI Global UK (DAI) միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «AMPERA» խորհրդատվական ընկերության կողմից:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85